Նիդերլանդներում մահացել է առողջապահության նախկին նախարար Էլս Բորսթը, որը երկրում էֆթանազիայի օրինականացման նախաձեռնողն է եղել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:
81-ամյա կնոջ դին հայտնաբերել են նրա տան ավտոտնակում: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, անցկացվում է հետաքննություն:
Իրավապահ մարմիններում դեռևս վերջնական եզրակացություն չեն արել Բորսթի մահվան պատճառի մասին: Ոստիկանությունը չի բացառում դժբախտ դեպքի կամ սպանության վարկածները: «Դեմոկրատներ 66» կուսակցության նրա դաշնակիցները տիկնոջը տեսել էին փետրվարի 7-ին, նա իրեն նորմալ էր զգացել:
Էլս Բորսթը Նիդերլանդների առողջապահության նախարարությունը գլխավորել է 1994-2002 թվականներին: 2001-ին երկիրն աշխարհում առաջինը օրինականցրեց անհույս հիվանդների էֆթանազիան նրանց համաձայնությամբ: Նախարարը հասել է նաև աբորտներից հետո գիտական նպատակներով պտղանյութի կիրառումը թույլատրող օրենքի ընդունման:









































