Իրանի ԱԳՆ-ը կանչել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է նաև ԱՄՆ շահերը, իր բողոքն արտահայտելու համար այն միջոցառումների կապակցությամբ, որոնք ձեռնարկել են ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցների ռեժիմը խախտած անձանց և ընկերությունների հանդեպ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Գերատեսչության անանուն ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ին:
«Մենք խստորեն դատապարտում ենք այդ մեղադրանքները»,- ասել է նա:
Անցած շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սև ցուցակի մեջ է ներառել մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց «իրանական միջուկային ծրագրին և ահաբեկչությանը աջակցելու» համար՝ չնայած այն բանին, որ հունվարի վերջին երկիրը սկսել է թուլացնել պատժամիջոցների ռեժիմը Իրանի հանդեպ՝ վերջինիս և «վեցյակ»-ի հանդեպ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում:






































