Արդեն իսկ հայտնի է, որ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով կալանավորվել է ևս մեկ հոգի՝ Տիգրան Ասատրյան անունով: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը: Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին, որ Ասատրյանի՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու գործը միացվել է Արթուր Սաֆարյանի սպանության փաստով հարուցված քրեական գործին, և հիմա դրանք քննվում են մեկ վարույթում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, Տիգրան Ստեփանյանն առանձնապես առնչություն չունի այս սպանությանը: Սպանությունը պատվիրված է եղել Ռուսաստանից, իսկ պատվերն ի կատար են ածել Մովսես Ներսիսյանը՝ Մոսոն և Իսոն: Ապա Իսոն, հավանաբար պատվիրատուի հետքերը վերացնելու համար, սպանել է նաև Մոսոյին, որի դիակը, ի դեպ, մինչ օրս չի հայտնաբերվել:
Ճիշտ է, Տիգրան Ստեփանյանը շատ մտերիմ է եղել նույն գործով արդեն իսկ կալանավորված Իսոյի հետ, միասին արտերկիր են մեկնել, ամեն օր հանդիպել ու մշտական հեռախոսային կապի մեջ են եղել, բայց նաև Տիգրանը քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է եղել Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հետ: Տիգրան Ասատրյանը եղել է Արթուր Սաֆարյանի դստեր քավորը: Այդ քավորությամբ էլ, ըստ էության, վերջ է դրվել Տիգրան Ասատրյանի և Թևոսիկի կոնֆլիկտին: Վերջիններս տարիներ առաջ լուրջ կոնֆլիկտ են ունեցել, բայց ամեն ինչ հարթվել է և որպես հաշտության ու բարեկամության նշան Տիգրանը դարձել է Արթուրի դստեր կնքահայրը:
Այն, որ Տիգրան Ստեփանյանը չէ Արթուրի սպանության կազմակերպիչը` հաստատող ևս մեկ հանգամանք կա: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Արթուրի սպանությունից հետո Թևոսիկը, ով ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ու իր շրջապատը ևս լուրջ կասկածներ են ունեցել սպանությանը Տիգրանի մասնակցության վարաբերյալ: Սակայն, ինչպես ընդունված է քրեական աշխարհում, այս օրերի ընթաքում «ճշտվել են» և համոզվել, որ Տիգրանը, մեծ հաշվով, կապ չունի սպանության հետ: Հակառակ դեպքում որևէ խանգարող հանգամանք չկար, որ դեպքից հետո Տիգրանն արժանանար Մոսոյի ճակատագրին, իհարկե` արդեն Թևոսիկի ճամբարի անմիջական մասնակցությամբ:
Ինչևէ, գործով դեռևս նախաքննություն է ընթանում:
Հիշեցնենք , որ Թևոսիկի եղբայրը սպանվեց հունվարի 27-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:







































