Բժշկական և իրավապաշտպան կազմակերպությունները ողջունել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշումը, որն արգելում է սեփական ավտոմեքենաներում ծխել երեխաների ներկայությամբ: Միաժամանակ՝ արդարադատության նախարարությունում հայտարարել են, որ նոր օրենքի իրականացումը վերահսկելը գործնականում անհնար կլինի: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Երկուշաբթի երեկոյան 376 խորհրդարանականներ կողմ են արտահայտվել նոր օրենքին, իսկ համայնքների պալատի 107 անդամներ՝ դեմ: Օրինագծին ակտիվորեն աջակցել է առողջապահության նախարար Ջերեմի Հանթը:
Օրենքի ընդունումից հետո արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգը հայտարարել է դրա իրականացումը վերահսկելու անհնարինության մասին, իսկ օրինագծին դեմ փոխվարչապետ Նիք Քլեգը նշել է, որ փաստաթուղթն ընդամենը երեխաների առողջության համար պատասխանատվությունը վերցնում է ծնողներից և դնում պետության ուսերին:
Թոքերի հիվանդությունների դեմ պայքարող բրիտանական հիմնադրամի ներկայացուցիչները խորհրդարանի որոշումը համարել են հաղթանակ երեխաների իրավունքների համար բազմամյա պայքարում:











































