Կոպենհագենի կենդանաբանական այգու աշխատակիցները սկսել են վրեժխնդրության սպառնալիքներ ստանալ: Կիրակի այնտեղ սպանել էին 18 ամսական առողջ ընձուղտին՝ չնայած հազարավոր մարդկանց բողոքին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Կենդանաբանական այգու գիտական հարցերով տնօրեն Բենգտ Հոլսթը հայտնել է, որ ուղիղ սպառնալիքներ է ստացել իր, իր հարազատների և այգու աշխատողների հասցեին: Սպառնացողներից մեկը զանգահարել էր կեսգիշերին և ասել, որ Հոլսթն ու նրա ընտանիքը մահվան են արժանի:
Չնայած այդ ամենին՝ Հոլսթը հայտարարել է, որ ընձուղտին սպանելը ճիշտ որոշում էր: Նա ընդգծել է, որ պատրաստ է նույնն անել ցանկացած կենդանու հետ, եթե անհրաժեշտ լինի:
Հիշեցնենք, որ աշխատակիցներն ընձուղտին սպանել են ու դրանով կերակրել առյուծներին՝ հենց այցելուների աչքի առջև: Դա արվել է՝ չնայած ընձուղտին հյուրընկալելու հարյուրավոր կենդանաբանական այգիների առաջարկներին:
Մարիուս անունով ընձուղտից ազատվելու պատճառն այն էր, որ նա ծնվել էր արյունապղծության արդյունքում և պոպուլյացիան շարունակելու պիտանի չէր:
Հարկ է նշել, որ նման պրակտիկան Կոպենհագենի կենդանաբանական այգու համար նորություն չէ: Նման պատճառներով այնտեղ արդեն նույն ճակատագրին են արժանացել արջեր, վագրեր և զեբր:







































