«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության աշխատակիցները ևս միացել են կենսաթոշակային պարտադիր կուտակային ռեֆորմի դեմ պայքարին: Նրանք բողոքի ակցիա են անցկացրել փետրվարի 10-ին: Սա բավականին հետաքրքիր զարգացում է: Բանն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղիները», ըստ էության, ռուսական ընկերություն է, այսինքն՝ Ռուսաստանի երկաթուղիներ ձեռնարկության, այսպես ասած, դուստր ձեռնարկությունը, որը ստեղծվել է հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման համար: Անցյալ ամիս՝ հունվարի 18-ին, «Ընդդեմ պարտադիր կուտակայինի»՝ Ազատության հրապարակում հրավիրված հավաք-երթին էլ, մեր տեղեկություններով, մասնակցել են ռուսական «Բիլայն» և «Վիվասել» ընկերությունների տասնյակ աշխատակիցներ:
Կարելի՞ է կարծել, որ ռուսական ընկերությունների աշխատակիցները կարող են Հայաստանում իրականացվող ռեֆորմի դեմ դուրս գալ առանց իրենց ընկերության ղեկավարության համաձայնության: Համաձայնեք, որ մի քիչ դժվար է պատկերացնել նման բան: Եվ ուրեմն, շատ հավանական է, որ մենք գործ ունենք հայկական կենսաթոշակային ռեֆորմից ինչ-որ տեսանկյունով նաև Ռուսաստանի դժգոհության արտահայտման մասին:
Իհարկե, սրանով բացարձակապես մտադիր չենք քաղաքականացնել ընկերության աշխատակիցների և ընդհանրապես տեղի ունեցող բողոքի շարժման պայքարը: Սա քաղաքացիների պայքարն է, որոնք պարզապես ուզում են մի պարզ բան՝ որ սոցիալական ծանրագույն պայմաններում պետությունը չգիտեսորերորդ ձեռքով չմտնի իրենց գրպանը չգիտեսորերորդ անգամ և այնտեղից գումարները չտանի անհայտ ուղղությամբ և անհայտ ժամկետով: Այսինքն՝ քաղաքացիները, լինեն նրանք «Հարավկովկասյան երկաթուղիների» թե Հայաստանի այլ ընկերությունների աշխատակիցներ, իրենց պարզ, մարդկային շահն են հետապնդում: Սակայն միևնույն ժամանակ մենք չենք կարող չընդունել խնդրի քաղաքական համատեքստը: Խառնել սրանք քաղաքացիների բողոքի հետ, իհարկե պետք չէ, սակայն պետք չէ նաև անտեսել, չնկատել, քանի որ այս իրողությունը հետագայում կարող է բոլորին կանգնեցնել անցանկալի փաստերի և շահարկումների առաջ, ինչից պետք է հնարավորինս պաշտպանված լինեն իրենց շահերի համար պայքարի ելած քաղաքացիները:
Ահա այս տեսանկյունից, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ռուսական ընկերության միանալը հետաքրքիր նոր շերտեր է բերում կենսաթոշակայինի շուրջ ծավալվող իրադարձություններում, այսինքն՝ խոսում է նոր շահագրգիռ կողմերի առկայության մասին: Եվ սա իհարկե պետք է ընդունել ի գիտություն և հետագա զարգացումներում հետևել, թե ուր է տանում կամ որտեղից ինչ կարող է բերել այս թելը: Սա առաջին հերթին հարկավոր է հենց քաղաքացիներին՝ բազմաթիվ թելերի մեջ չխճճվելու և բուն խնդրի շուրջ պայքարը դեպի այլ խնդիրներ շեղելու կամ այլ խնդիրների համար օգտագործելու վտանգները չեզոքացնելու համար: Վերջիվերջո, այն, որ Ռուսաստանն այս հարցում կարող էր շահագրգռված կողմերից մեկը լինել, բոլորովին զարմանալի չէ: Ռուսաստանը Հայաստանի վրա ունենալով մեծ տնտեսական ու քաղաքական իշխանություն և ազդեցություն՝ չէր կարող անտեսել այնպիսի կարևոր մի գործընթաց, որում խոսք է լինում ֆինանսական բավական մեծ ծավալների մասին: Եվ հատկապես այն դեպքում, երբ ակնհայտ է նաև այս ծավալներով միջազգային ֆինանսական կազմակերպությունների շահագրգռությունը: Ռուսաստանն իհարկե չէր կարող հանգիստ հետևել, թե ինչպես են Հայաստանի իշխանություններն ու միջազգային ֆինանսատնտեսական կառույցները կիսելու այդ կարկանդակը Հայաստանում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































