Վերաքննիչ քրեական դատարանում անցյալ շաբաթ ավարտվեց Արմենուհի Խ.-ի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:
39-ամյա Արմենուհին 2012 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԱԾ Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում է տվել, թե 2009 թվականին Վանաձորի բնակիչ Արենը Ստամբուլում համատեղ ապրելու ընթացքում իրեն հակել է թմրանյութի գործածման, թմրավաճառներին ունեցած պարտքերը մարելու, գումար վաստակելու նկատառումով իրեն ստիպել է նաև զբաղվել մարմնավաճառությամբ:
Այս հաղորդումը ստուգվել է, համարվել սուտ մատնություն, և քրեական գործ է հարուցվել Արմենուհու նկատմամբ: Արենը ճանաչվել է տուժող:
Ընդհանուր իրավասության դատարանում Արմենուհին իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե ինքը ճիշտ հաղորդում է տվել ԱԱԾ-ում:
Ըստ Արմենուհու՝ նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել, որովհետև քննիչն այդպես է պահանջել:
Իրեն Թուրքիա է կանչել Արենը: Սկզբում ապրել են Արենի ծնողների հետ:
Իր համար աշխատանք են գտել, բայց աշխատավարձը ցածր է եղել, ինքը երկար չի աշխատել:
Ինքն ու Արենը տեղափոխվել ու վարձով բնակվել են ուրիշ բնակարանում:
Գումար չեն ունեցել: Համատեղ ապրելու ընթացքում Արենն օգտագործել է թմրամիջոցներ: Առաջարկել է նաև իրեն՝ ասելով, թե թույլ դոզայով է ներարկում կատարում, ոչինչ չի լինի:
Ինքը շուտով թմրամիջոցներից կախման մեջ է ընկել:
Ինքն ու Արենը թուրք գործարարներից փող են մուրացել: Ավելի հաճախ Արենը դրսում սպասել է, իրեն է ուղարկել գումար մուրալու:
Նախաքննության ժամանակ Արմենուհին ասել է, թե Արենի հետ դեռ Վանաձորում ինտիմ հարաբերությունների մեջ է եղել:
Արենը մեկնել է Ստամբուլ, մոտ մեկ ամիս անց կանչել է իրեն՝ խոստանալով, թե Ստամբուլում իրենք կամուսնանան:
Թուրքիայում ինքը չի կարողացել հոգալ իր ու թմրամիջոցներ օգտագործող Արենի կարիքները, ստիպված է եղել մարմնավաճառությամբ զբաղվել… թաքուն: Վախեցել է, թե Արենը իմանալով՝ կզայրանա ու կծեծի իրեն:
Ինքն Արենի առաջարկով հերոին է փորձել, սկսել է հաճախ օգտագործել:
Արենն իրեն չի հարկադրել ո՛չ թմրամիջոցներ օգտագործել, ո՛չ մարմնավաճառությամբ զբաղվել, նույնիսկ հետագայում իրեն դեղեր է տվել, որ բուժվի թմրամոլությունից:
Արենին թմրամիջոցների օգտագործման համար Թուրքիայում բռնել են ու արտաքսել Հայաստան: Իսկ ինքը մնացել ու աշխատել է այնտեղ:
Երբ վերադարձել է Հայաստան, իմացել է, որ Արենն ամուսնացել է ու երեխա ունի:
Վիրավորվել ու որոշել է վրեժխնդիր լինել. ինքը Թուրքիայում ծանր օրեր է ունեցել Արենի պատճառով:
Դատարանը արժանահավատ է գնահատել Արմենուհու նախաքննական ցուցմունքները և եզրահանգել է, թե դատական քննությամբ չի ապացուցվել, որ ամբաստանյալին մուրացկանության, թմրամոլության ու մարմնավաճառության հակել է Արենը:
«Պիրատ» մականունով Արենը հայտնել է, թե Արմենուհուն Թուրքիա է կանչել, որ հեռացնի վատ շրջապատից. նա Հայաստանում զբաղվում էր մարմնավաճառությամբ:
Թուրքիայում ինքը չի ցանկացել Արմենուհուն մենակ թողնել, նրա հետ ապրել է վարձու բնակարանում, ներկայացրել որպես իր կնոջ և թույլ չէր տա, որ նա զբաղվի մարմնավաճառությամբ, դա իր համար անպատվաբեր կլիներ:
Ինքը Թուրքիայում թմրամիջոցներ է օգտագործել: Արմենուհին էլ է սեփական կամքով օգտագործել: Հետագայում նրան թմրամիջոցներից կտրելու համար ինքը դեղեր է տվել:
Թմրանյութ գնելու ժամանակ իրեն բռնել են Ստամբուլում և վտարել Հայաստան:
Ամուսնացել է, երեխա ունի: Արմենուհին մնացել է Թուրքիայում: Նա վիրավորվել է իրենից, քանի որ կարծել է, թե իրենք ամուսնանալու են:
Դատարանը հաստատված է համարել, որ Արմենուհին Արենի նկատմամբ սուտ մատնություն է կատարել՝ զուգորդված ծանր հանցագործության կատարման համար մեղադրելով:
Արմենուհին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 1 տարի ազատազրկման: Համաներման կիրառմամբ նա ազատվել է պատժից:
Չնայած պատժից ազատվելու հանգամանքին՝ Արմենուհին դժգոհ է մնացել դատավճռից:
Նրա շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել:
Ըստ ամբաստանյալի՝ պատկան մարմինները ճիշտ քննություն չեն կատարել, իր տված հաղորդումը իրական հանցագործությունների վերաբերյալ շուռ են տվել հենց իր դեմ՝ փոխանակ պատժելու իսկական հանցագործին:
Պաշտպանը վերաքննիչ բողոքով խնդրել է ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, առաջադրված մեղադրանքում ճանաչել և հռչակել Արմենուհու անմեղությունը:
Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժեց և անփոփոխ թողեց բողոքարկվող դատավճիռը՝ այն գնահատելով պատճառաբանված ու հիմնավոր:








































