Թերթի խմբագիրը գրում է. «Ես, ճիշտն ասած, շատ կուզեի, որ Հայաստանում հանրահավաքները լինեին ավելի հաճախակի, քան ամիսը մի անգամ, մեր երկիրն այն վիճակում չէ, որ իշխանության վրա ճնշում զործադրելու մեխանիզմները շատ լինեն, և մեր ղեկավարները «ինքնաբուխ» գնային այս կամ այն խնդրի լուծմանը: Նույնիսկ շատ ավելի զարգացած երկրներում ժամանակ առ ժամանակ առաջանում է հանրահավաքների անհրաժեշտություն»,- և հավելում.
«Հայաստանում զանգվածային ցույցեր ի վիճակի է կազմակերպել միայն Հայ ազգային կոնգրեսը։ Դա ցավալի իրողություն է երկու պատճառով. ա. դա անում է զուտ քաղաքական ուժը, և պահանջներն իրենց վերջնական «նպատակադրմամբ» քաղաքական են՝ վերաբերում են իշխանությունը վերցնելու խնդրին, բ. դա կարողանում է անել միայն մեկ քաղաքական ուժ, մնացածը, որքան էլ ասեն, որ հեսա-հեսա մեծ զանգվածներ կհավաքեն, դա երեք տարի է՝ չեն անում: Իհարկե, Հանրապետականն էլ կարող է կազմակերպել բազմահազարանոց հավաք՝ ստիպելով պետական կառույցների, դպրոցների, բուհերի, հիվանդանոցների և այլ կոլեկտիվներին մասնակցել նման միջոցառումների (շուտով ընտրարշավի ժամանակ մենք դրա ականատեսը կլինենք]: Բայց դա տվյալ դեպքում, ինչպես ասում են, «հաշիվ չի»: Շատ ցանկալի կլիներ, որ մենք ունենայինք հզոր արհմիություններ կամ այլ հեղինակավոր քաղաքական ուժեր, որոնք առաջ կքաշեին ոչ քաղաքական կամ, այսպես ասենք՝ այլ քաղաքական պահանջներ:
Այնքան ժամանակ, մինչև Կոնգրեսը հանդես էր գալիս ոչ նեղ քաղաքական, այլ այնպիսի պահանջներով, որոնք կիսում էին ոչ միայն իրենց համակիրները (օրինակ՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը), նրա գործերը հաջող էին ընթանում: Հենց որ ՀԱԿ-ը շեղվեց և մտավ արտահերթ նախագահական ընտրությունների, իսկ ըստ էության՝ նախագահի հրաժարականի և իշխանության փոխանցման «ավանդական» հունի մեջ, իրավիճակը փոքր-ինչ փոխվել է:
Պահանջի հիմնավորումը՝ ընտրությունները կեղծվել են, և այդ պատճաոով աոաջացել է սուր քաղաքական ճգնաժամ, այնքան էլ համոզիչ չէ. եթե ճգնաժամի գլխավոր բաղադրիչը իշխանությունների ոչ լեգիտիմությունն է, այդ դեպքում մենք արդեն 16 տարի ապրում ենք այդ ճգնաժամի մեջ: Գուցե հենց այդպես էլ կա, բայց այդ ճգնաժամը «կրիտիկական զանգված» կամ «բավարար կոնդիցիա» երբեք չէր ապահովում»:










































