Վերջին օրերին սոցիալական ցանցերում լայն տարածում գտած #10yearschallenge ֆլեշմոբին միացել են բազմաթիվ ֆուտբոլիստներ և ֆուտբոլային թիմեր: Վերջին տարիների ընթացքում համաշխարհային ֆուտբոլն ընդհանուր առմամբ էական փոփոխության է ենթարկվել: Մարզաձևը զարգանում է լայն թափով՝ դառնալով էլ ավելի մոտիվացված և դինամիկ:
Փորձենք հասկանալ, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել հայկական ֆուտբոլում, և վերջապես՝ ինչ է փոխվել: Մեզ համար տեղի ունեցած գլխավոր փոփոխությունը, ինչ խոսք, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռանալն էր: Հայրապետյանին փոխարինեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ որոշակի քայլեր է կատարել ֆուտբոլն ուշքի բերելու համար: Մասնավորապես, էժանացել են ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների տոմսերը, հրավիրվել է հանրահայտ մասնագետ իսպանացի Խինես Մելենդեսը, որը նշանակվելով ՀՖՖ տեխնիկական տնօրեն՝ պետք է համակարգի մեր հավաքականների աշխատանքը, ինչպես նաև զարկ տա մանկապատանեկան ֆուտբոլին:
Վանեցյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե առաջնահերթություն է համարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ինչի համար հիմքեր և ռեսուրսներ տեսնում է: «Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է: Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել»,- ընդգծել էր Վանեցյանը: Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ն ղեկավարում էր 2002 թվականից: Ընտրվելով այս պաշտոնում՝ Հայրապետյանը ևս հայտարարել էր, որ իր գլխավոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է:
Այս հայտարարությունից 16 տարի անց արդեն Վանեցյանը ևս խոսեց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին: Ինչպես ընկալել Վանեցյանի այս հայտարարությունը: 16 տարին, կարծում ենք, բավարար էր մանկապատանեկան ֆուտբոլը գոնե մի քանի քայլ առաջ տանելու համար: Ինչ վիճակում է գտնվում այսօր մեր մանկապատանեկան ֆուտբոլը: Հեռու չգնանք. անցյալ տարի մինչև 17 և մինչև 19 տարեկանների մեր հավաքականները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում այն աստիճան խայտառակ ելույթներով աչքի ընկան, որ հիմա դրանց մասին խոսելն ուղղակի ամոթ է:
2018-ին Հայրապետյանը հրավիրել էր արգենտինացի մասնագետների՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ լուրջ աշխատանքներ են տարվում: 17 տարեկանների հավաքականը՝ արգենտինացի մասնագետ Գաբրիել Դարիո Դի Նոյայի գլխավորությամբ, անցյալ տարի Երևանում երկու ընկերական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի հավաքականի հետ: Առաջին մրցավեճը մեր հավաքականը պարտվեց 1:4, իսկ երկրորդը՝ 1:6 հաշվով: 19 տարեկանների հավաքականը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային մրցաշարում՝ արգենտինացի մեկ այլ մասնագետ Ֆերնանդո Բատիստայի գլխավորությամբ, 1:0 հաշվով զիջեց Լիտվային, 1:4 հաշվով՝ Մոլդովային, և 2:0 հաշվով՝ Ռուսաստանին: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են:
Վերջին տարիներին գրանցված արդյունքները ցայտուն կերպով արտացոլում են Ռուբեն Հայրապետյանի կատարած աշխատանքը մանկապատանեկան ֆուտբոլում: Այսօր դժվար է Եվրոպայում մատնանշել պատանեկան մի հավաքական, որին Հայաստանն ի զորու կլինի հաղթել: Ըստ էության մենք 16 տարի հետ ենք մնացել եվրոպական ֆուտբոլից: Հայրապետյանը շարունակ նշում էր կառուցված ակադեմիաների և ֆուտբոլի դպրոցների մասին: Այո, դրանց առկայությունը դրական պետք է որակել, բայց ակադեմիաներ սարքել չի նշանակում զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը: Աֆրիկյան ու լատինաամերիկյան շատ երկրներում ակադեմիաներ չկան, իսկ երեխաները սոված են: Այդ երկրներում, սակայն, ամեն տարի ի հայտ են գալիս բազմաթիվ ֆուտբոլային տաղանդներ, որոնք անմիջապես հայտնվում են Եվրոպայում:
Ռուբեն Հայրապետյանը Արթուր Վանեցյանին թողել է մի այնպիսի ժառանգություն, որի տակից դուրս գալու համար իսկապես լայնածավալ աշխատանքներ պետք է տարվեն: Ովքե՞ր են վաղը կամ մյուս օրը խաղալու մեր ազգային հավաքականում: Այն տղաները, որոնք այսօր 1:6 կամ 1:4 հաշվով պարտվո՞ւմ են Մոլդովային կամ Մոնտենեգրոյին: ՀՖՖ ներկայիս նախագահը, շարունակ խոսելով մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման մասին, անուղղակի կերպով հասկացնել է տալիս, որ մոտ ապագայում, կոպիտ ասած, մեծերի ֆուտբոլից լուրջ արդյունքներ ուղղակի չի կարելի ակնկալել:
Ամեն դեպքում, համեմատելով հայկական ֆուտբոլի վիճակը 10 տարի առաջ տիրող վիճակի հետ, կարծում ենք՝ դրական լուրջ փոփոխությունն ակնհայտ է: Մասնավորապես, այսօր ունենք հիմքեր և հույսեր մեր ֆուտբոլի վաղվա օրվա նկատմամբ:











































