Այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը, հիշեցնելով Փաշինյանի խոսքերը, նշեց՝ սակայն ՀՀ-ն ԱԳՆ մակարդակով Արցախի անունից շարունակում է բանակցել Ադրբեջանի հետ, և Ռուբեն Ռուբինյանին հարցրեց. «Ինչի՞ մասին են բանակցում Մնացականյանն ու Մամեդյարովը: Ի՞նչ կարծիք ունեք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի 2016թ. պայմանավորվածությունների մասին: Այնպիսի տպավորություն է, որ Երևանը մերժել է Վիեննայի կարևորագույն ձեռքբերումը՝ Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված փխրուն պայմանավորվածության դիմաց»:
Ռուբինյանն ի պատասխան ասաց՝ թյուր է տպավորությունը. «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները շարունակում են մնալ օրակարգում»:
Ինչ վերաբերում է Բոլթոնի այցի հետ կապված պատգամավորի հարցին, Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Այո, մենք ունենք ուժեղ մանդատ, բայց մենք առաջնորդվելու ենք ՀՀ շահերով: Եվ պետք է բացառվի առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևիցե կտրուկ որոշում կայացնելու պրակտիկան»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































