Հունվարի 12-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ռուս զինծառայող Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի մահվան չորրորդ տարելիցի և վերջերս կրկին ռուսական ռազմակայանի զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության դեպքի հետ կապված։ Բողոքի ակցիան կազմակերպել էր Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, դրան մասնակցել են բազմաթիվ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ։ Մասնակիցները պահանջում են բազայում հաստատել կարգուկանոն, ռուսական զորքերը դուրս բերել Հայաստանից։ Արդյոք ՀՀ նոր իշխանությունները, ձևավորված նոր խորհրդարանը պետք է ռազմաբազայի գործունեության, պայմանագրերի վերանայման պահանջ դնի՝ քաղաքագետները տարակարծիք են։

Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ անհրաժեշտ է քաղաքական որոշում ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեությունը վերանայելու համար։ «Կան բազայի պայմանների հետ կապված առանձին խնդիրներ, և այդ պարագայում ՀՀ շահերը ոտնահարող առանձին դրույթներ, իհարկե, պետք է փոխվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Սարո Սարոյանի խոսքերով՝ խնդիրը առհասարակ ռազմաբազայի գոյությունը չէ. «Քաղաքական ուժերի ՝ իշխանության ընդդիմության, հասարակական սեկտորի, պետության բոլոր մարմինների, այդ թվում՝ նախագահի կարծիքը պետք է հաշվի առնվի դրա գոյության հետ կապված, իսկ առանձին պայմանների հետ կապված, իհարկե, կան խնդիրներ՝ եղած իրավական, իրավակիրառական բազան չի բավարարում, անընդհատ կանգնում ենք խնդիրների առաջ։ Դրա լուծումները կամ ժամանակավոր են կամ չեն ստացվում, որովհետև պայմանագրում կան կետեր, որոնց վրա հղում անելով՝ մեր իշխանությունները չեն կարողանում այլ դիրքորոշում ունենալ»։
Նրա դիտարկմամբ՝ խնդիրը միայն հանցագործությունների կատարումը չէ. «Ռազմաբազային տրվել է գործունեության մի այնպիսի լայն դաշտ, որ խնդիրներ է ստեղծում նաև մեր ինքնիշխանության հետ կապված։ Բոլոր ծախսերը կատարվում են մեր բյուջեից, տարածքը տնօրինում են իրենք, բայց դրա իրավունքը չունեն, եթե թեկուզ Պերմյակովը, մյուս հանցագործը պահվում են այդ տարածքում՝ նրանք համարում են իրենցը, բայց դա մեր տարածքն է։ Դատաքննչական գործողությունները պետք է կատարվեն Հայաստանի տարածքում, բայց քննիչները չեն կարողանում մեր տարածքում վերահսկել ու քննչական գործողություններ անցկացնել։ Մենք մեր տարածքը չենք կարողանում տնօրինել։ Կան շատ նուրբ խնդիրներ, որոնք կետային առումով ավելի հիմնավոր արձանագրման կարիք ունեն, որ շեղումներ չլինեն»։
Ըստ Սարոյանի՝ ռուսական կողմը պետք է հասկանա, որ իրենց Սահմանադրության վկայակոչումը մեզ բացարձակապես չի հետաքրքրում. «Մեր պատկան մարմինները պետք է հասկանան, որ միջազգային պայմանագրերով է, որ իրենք կարող են Հայաստանում կատարել իրենց գործողությունները, թող չփորձեն իրենց Սահմանադրությունը այստեղ վկայակոչել»։
Ռազմաբազայի հետ կապված խնդիրները շատ են, և մեր մոտեցումները դրա հետ կապված պետք է փոխվեն. «Թե որքանով է նոր ձևավորված Ազգային ժողովն իրավասու, կկարողանա՞ այդ բեռի տակից դուրս գալ, դեռ հայտնի չէ… Եթե չկարողանա, մենք էլ պետք է մեր համապատասխան գնահատականը տանք»։
![]()
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ բազայի գործունեության պայմանների փոփոխություն պետք չէ, հայկական և ռուսական կողմերը պետք է ընդամենը կյանքի կոչեն այն պայմանագրերը, որոնք ժամանակին ստորագրել են։ «Այդ պայմանագրերում շատ նորմալ նշված է երկու կողմերի իրավունքներն ու պարտականությունները։ Եթե կան անհասկանալի դրույթներ, ապա դրանք կարելի է շատ արագ լուծել առանց շատ մեծ աղմուկի ու սկանդալների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Համբարյանի՝ վերջին 4-5 տարիների խնդիրը հետևյալն է. «Հայկական կողմը միշտ «կուլ է գնում» ռուսական կողմին, և շատ դեպքերում այն դրույթները, որ կան 102-րդ ռազմաբազայի պայմանագրերում, ի կատար չեն ածվում։ Օրինակ` կա կետ՝ ՀՀ տարածքում հանցագործություն գործած ռուս զինծառայողները պետք է իրենց պատիժը կրեն Հայաստանի տարածքում, իսկ հետագայում էլ դատական գործընթացը պետք է տեղի ունենա Հայաստանի օրենքներին համապատասխան։ Հիմա հարց է առաջանում՝ որևէ ռուս զինծառայող, որ այստեղ հանցագործություն է արել, պատիժ կրե՞լ է մեր բանտերում։ Դա վերաբերում է թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակաշրջանին և թե՛ դեկտեմբերին տեղի ունեցած դեպքին՝ կնոջ սպանության հետ կապված։ Պայմանագրերը նորմալ կազմված են, սևով սպիտակի վրա ամեն ինչ գրված է, միայն պետք է դրանք կատարել»։ Քաղաքագետի խոսքերով՝ պայմանագրերն ուղղակիորեն կյանքի չեն կոչվում երկու կողմերից էլ, և պետք է հետամուտ լինել հենց այդ հարցում։
Ըստ նրա՝ շաբաթ օրը կազմակերպված հանրահավաքը սակավամարդ էր, որովհետև հարցադրումը՝ դուրս բերել ռուսական զորքերը Հայաստանից, հասարակությունը չընդունեց. «Եթե պահանջը լիներ, օրինակ` այն, որ պետք է հարգվեն ձեռք բերված պայմանավորվածությունները, կարող է ավելի շատ մարդ գար, բայց քանի որ պահանջը կտրուկ էր և հասարակության կողմից չընդունված, ապա հանրահավաքն այն էր, ինչ դուք տեսաք»։










































