7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր իր առաջին նիստն անցկացրեց։ Ինչպես ցույց են տալիս հարցումները՝ հասարակության ակնկալիքներն այս խորհրդարանից շատ են,նորընտիր պատգամավորների անելիքներն այս կոնտեքստում ևս։
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝այս խորհրդարանն ունի այն պատկերը, ինչպես որ ՀՀ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները քվեարկել են դեկտեմբերի 9-ին. «Բնականաբար, այլ պատկեր դժվար էր կանխատեսել. ակնհայտ էր, որ «Իմ քայլը» դաշինքը կունենա մեծամասնություն, ԲՀԿ-ն գրեթե դադարել է քաղաքական ակտիվ դիրքորոշում ունենալ, նրա իմիջը կախված է Գագիկ Ծառուկյանից, իսկ նա էլ ամեն ինչ անում էր, որ դուր գար «Իմ քայլը» դաշինքի ղեկավարներին, ուստի այդ կուսակցությունը ընտրողին ասելիք չուներ, այդ պատճառով էլ քիչ ձայն հավաքեց։ «Լուսավոր Հայաստանը» մեծ շանսեր ուներ ավելի շատ տեղ զբաղեցնելու, սոցիոլոգիական հարցումները ցույց էին տալիս, որ Հայաստանում արմատական և չափավոր արևմտամետ ընտրազանգվածը 8-20 տոկոսէ, եթե ԼՀԿ-ն գրագետ քարոզարշավ անցկացներ, նա կլիներ երկրորդ ուժը ու բավական կսահմանափակեր«Իմ քայլը» դաշինքի 70 տոկոսը՝ գուցե 60-65 տոկոս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Հասարակական-քաղաքական դաշտում շարունակում է տարածված մնալ այն կարծիքը, թե այս խորհրդարանը ևս պետք է ժամանակավոր լինի, և երկու տարուց պետք է անցկացվեն նոր ընտրություններ։ Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ կա տեխնիկական հարց. «Եթե ոչինչ չփոխվի, և ընտրությունները 5 տարի հետո տեղի ունենան, ապա քվեարկությունը նորից տեղի կունենա դեկտեմբերին, իսկ դա նշանակում էհաջորդ տարվա բյուջեին լուրջ չեն վերաբերվի, քարոզարշավը խանգարում է բյուջեի ընդունմանը։Երկրորդ՝ ձմռանը շատ դժվար էքարոզարշավ անցկացնելը, տեխնիկապես հնարավոր չէ ամենմարզն ընդգրկել քարոզարշավի մեջ, այս տարի ձյուն չկար, և քաղաքական ուժերին հաջողվեց գնալ մարզեր, բայց մենք չենք կարող ասել, թե 5 տարի հետո ինչ տեղի կունենա։ Ընդհանրապես, նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին մարդիկ հոգնում են, նրանց ուղեղը դժվար էկլանում քարոզարշավը՝ գարնանն ավելի հեշտ է»։
Ըստ Բադալյանի՝ տեխնիկապես խորհրդարանի ժամանակիցշուտ լուծարումը տրամաբանական է. «Մասնավորապես դա հնարավոր է 3.5 տարի հետո ևշատ տրամաբանական կլինի՝ 2022 թվականի գարնանը, դրանից ոչ շուտ, ոչ էլ ուշ։ 3.5 տարին ամբողջությամբ բավարար է, որպեսզի քաղաքական ուժը՝ մասնավորապես «Իմ քայլը» դաշինքը, իրականացնի նախընտրական շրջանում տվածբարեփոխումների վերաբերյալ բոլոր ծրագրերը՝ Սահմանադրությունը փոխել, դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնել, տնտեսության, կրթության և գիտության բնագավառներում ևս»։
Փորձագետը կարծում է, որ քաղաքական և տեխնիկական պատճառներով նպատակահարմար է, որ այս խորհրդարանն աշխատի ոչ քիչ, քան 3.5 տարի. «Այսինքն՝ երբ 2022 թվականին քաղաքական դաշտում այլևս առկա չեն լինի հեղափոխական տրամադրություններ, կլինեն հստակեցումներ, խորհրդարանից դուրս նոր ուժեր կձևավորվեն ու կկայանան, եղածները կվերաիմիջավորվեն։ Հարցն այն է՝ «Իմ քայլը» դաշինքը կցանկանա՞ ժամկետից շուտ վայր դնել իր լիազորությունները, որովհետև իշխանությունը բավականին քաղցր բան է, երբ դրան սովորում ես, դժվարությամբ ես հրաժարվում»։
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով, մինչդեռ, այս խորհրդարանը անցումային չի լինի։ «Համենայնդեպս, այս պահին դրա համար որևէ հիմք չեմ տեսնում, խորհրդարանը լեգիտիմության հետ կապված որևէ խնդիր չունի ու անհասկանալի է, թե ինչու պետք է լինի անցումային՝ առավել ևս, որ դեռ չի սկսել աշխատանքը, գուցե այնտեղ կան փայլուն պրոֆեսիոնալներ։ Խորհրդարանը դեռ չի աշխատել և կարծում եմ՝ ճիշտ չի լինի խոսել դրա գործունեության ժամկետների մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արմեն Բաղդասարյանն ընդգծում է՝ խորհրդարանն ավելի շատ հեղափոխական է և այս կազմի հետ մեծ հույսեր կապել պետք չէ. «Բայց կարծում եմ՝ պետք է ավելի շատ ակնկալիքներ ունենալ ոչ թե խորհրդարանից, այլ գործադիր իշխանությունից, այնպես չէ, որ հանրապետության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների հիմնական ծանրությունը խորհրդարանի վրա է։Խորհրդարանն ընդամենը խոչընդոտներ չի հարուցի գործադիր իշխանության համար ժամանակ առ ժամանակ ակտուալ հարցեր կբարձրացնի և դրանով իր գործունեության էությունը կսահմանափակվի»։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս պատկերով արդյունավետ աշխատանք հնարավոր է. «Խորհրդարանն իր կազմով մոտավորապես համընկնում է հասարակության մեջ քաղաքական ուժերի հարաբերակցությանը, համենայնդեպս հիմա։ Հետագայում այդ հարաբերակցությունը գուցե փոխվի, բայց հիմա խորհրդարանում պատկերն այնպիսին է, ինչպիսին որ հասարակության մեջ»։
Լուսանկարը՝ panorama.am-ի











































