Նիկոլ Փաշինյանը վերջին ութ ամսվա մեջ երկրորդ անգամ նշանակվել է Հայաստանի վարչապետ։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է հենց այսօր՝ նոր խորհրդարանի գործունեության մեկնարկից րոպեներ անց։
Չնայած պաշտոնավարման անընդհատությանը՝ էական տարբերություններ կան Նիկոլ Փաշինյանի առաջին ու այս վարչապետությունների միջև։ Թավշյա հեղափոխության առաջնորդը առաջին անգամ վարչապետ դարձավ երկրորդ փորձից՝ քրեաօլիգարխիայի խորհրդարանի դիմադրությունը հաղթահարելու շնորհիվ։ Փաշինյանի առաջին վարչապետությունն, այսպես ասած, անցումային էր, երբ նա՝ մի կողմից, պետք է ապահովեր հին համակարգի կազմաքանդումը, մյուս կողմից՝ ստիպված էր որոշակիորեն հաշվի նստել նախորդ խորհրդարանի քաղաքական խճանկարի հետ։
Սակայն վարչապետության առաջին շրջանում ժամանակը, մեծ հաշվով՝ աշխատում էր Փաշինյանի օգտին, որովհետև անցումային շրջանի հիմնական առանձնահատկությունը հեղափոխության ու հին համակարգի, կամ՝ «սպիտակների» ու «սևերի» հակադրությունն էր, որտեղ Նիկոլ Փաշինյանի համար ապահոված էր հասարակության անվերապահ աջակցությունը։ Հեղափոխության արդյունքների ինստիտուցիոնալիզացիայի փուլում հասարակությունը կառավարության առջև հավակնոտ խնդիրներ չէր դնում, համենայն դեպս՝ անցումային կառավարությունից չէր պահանջվում տնտեսական բեկում կամ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Հանրային գնահատման հիմնական չափանիշը դարձել էին հակակոռուպցիոն բացահայտումները կամ քրեօլիգարխիայի քսանամյա իշխանության արյունոտ հանցագործությունների մերկացումները։ Այլ խոսքով՝ անցած ութ-իննը ամիսներին հասարակության աջակցության համար բավարար էին տեսարանները, որոնց պակասը, բնականաբար, չկար։ Պատահական չէ, որ «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզն արդյունավետորեն աշխատեց Երևանի ավագանու և խորհրդարանական արտահերթ ընտրություններում՝ շռնդալից հաղթանակ ապահովելով Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի համար։
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները շրջադարձային եղան, որովհետև ասպարեզից հեռացվեցին հին համակարգի ռեստավրացիայի կողմնակիցները ու այլևս ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեմ, որովհետև «սևերն» արդեն քաղաքական գործոն չեն, իսկ նրանց դեմ հակաքարոզչությունը հազիվ թե դիվիդենտներ բերի հեղափոխության թիմին։
Տեսարանների փուլը կորցրել է իր ակտուալությունն ու այլևս հնարավոր չէ հասարակությանը կոնսոլիդացնել աղմկոտ ձերբակալություններով կամ բացահայտումներով։ Պայմանականորեն ասած՝ եկել է հասարակությանը հացով ապահովելու փուլը, կամ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշել՝ տնտեսական հեղափոխության ժամանակը։
Հասարակությունը կառավարությունից ակնկալում է կոնկրետ արդյունքներ՝ իր կյանքի որակի բարձրացման, տնտեսության զարգացման ուղղությամբ։
Նոր խորհրդարանի անդրանիկ նիստերը բացահայտեցին, որ հեղափոխական դաշինքը ամենևին էլ կոմպակտ, անհրաժետ որակներով օժտված քաղաքական թիմ չէ՝ չնայած դա ակնհայտ էր անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները․ կադրային քաղաքականությունը դարձել է Փաշինյանի «աքիլեսյան գարշապարը»։
Սակայն շատ ավելի էական է, որ անցած ամիսներին Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել արդյունավետ համակարգ ու մեծ հաշվով՝ հետհեղափոխական առաջին իշխանությունը չունի հստակ ձևակերպված տեսլական։ Խորհրդարանական ընտրությունները իշխանությանը տվեցին լեգիտիմություն, սակայն՝ ոչ քաղաքական որակ ու այսօրվա վերանշանակումից հետո ժամանակն ակնհայտորեն աշխատում է Նիկոլ Փաշինյանի ու նրա կաբինետի դեմ։








































