ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բարելավել աշխատանքային ժամանակավոր վիզաների համակարգը բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետների համար՝ երկիր տաղանդավոր մասնագետների ներհոսք ապահովելու համար, այդ թվում, հեշտացնելով նրանց քաղաքացիություն ստանալը: Այս մասին Միացյալ Նահանգների առաջնորդը գրել է Twitter-ի իր էջում:
«ԱՄՆ-ում H1-B վիզաներ ունեցողները կարող են վստահ լինել, որ շուտով փոփոխություններ կկատարվեն, որոնք միաժամանակ կպարզեցնեն և որոշակիություն կհաղորդեն ԱՄՆ-ում ձեր բնակության, մասնավորապես, հավանական քաղաքացիություն ստանալու հարցում: Մենք ցանկանում ենք խրախուսել տաղանդավոր և բարձր որակավորում ունեցող մասնագետներին Միացյալ Նահանգներում կարիերայի հնարավորության հարցում»,- հաղորդել է նա:
Ներկայումս վիզայի այս տեսակը թույլ է տալիս բարձրագույն կրթություն ստացած արտասահմանյան շրջանավարտներին, հիմնականում տեխնոլոգիական ոլորտում, ժամանակավոր հիմունքներով աշխատել Միացյալ Նահանգներում: Նման վիզաների համար որոշակի քվոտա է սահմանված:
Այսպես, 2019թ.-ին 65 հազար վիզա է սահմանված բակալավրի աստիճան ունեցող մասնագետների և ևս 20 հազար՝ մագիստրոսի կոչում ունեցողների համար: Այս կատեգորիան պատկանում է ոչ ներգաղթային վիզաներին:








































