«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։
– Պարոն Առաքելյան, առաջիկայում Սփյուռքի նախարարությունը կլուծարվի։ Ինչպե՞ս եք գնահատում։ Տարիներ շարունակ դժգոհությունը նախարարությունից մեծ էր։ Արդարացվա՞ծ եք համարում այս որոշումը։
-Նախ նշեմ, թե ինչի համար էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ստեղծվել սփյուռքի նախարարությունը Բանն այն է, որ Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է, որ սփյուռքը վերցվի հսկողության տակ, որպեսզի սփյուռքի առանձին կազմակերպությունները, միությունները հսկողության, այսպես ասած, ձեռքի տակ լինեն։ Եվ սփյուռքի նախարարությունը այս ուղղությամբ քրտնաջան աշխատանք էր տանում։ Իհարկե, կային լավ ծրագրեր, ակցիաներ, որոնք արվում էին, բայց նախարարության հիմական խնդիրն էր սփյուռքի առանձին ներկայացուցիչների հետ լավ հարաբերությունների մեջ մտնելը, որպեսզի հետո այդ ներկայացուցիչները չկարողանան կոշտ գնահատականներ տալ Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Դրա հետ մեկտեղ ստեղծվեցին բազմաթիվ պսևդոսփյուռքահայական կառույցներ նախարարության նախաձեռնությամբ։
Այն, ինչ վերաբերում է ապագային, իհարկե, սփյուռքը կուզեր, որ լիներ որևէ մի կազմակերպություն կամ պատասխանատու մարմին, որը կզբաղվեր սփյուռքի գործերով, որովհետև հայ ազգի 70 տոկոսը սփյուռք է։ Այն փաստը, որ լուծարվում են բազմաթիվ նախարարություններ, միացվում իրար, ինչ-որ իմաստով ողջունելի է, քանի որ հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք չինովնիկների հսկայական բանակ էր ստեղծվել, որոնք սնվում են պետբյուջեի փողերից, և ընտրությունների ժամանակ գնում ձայն էին տալիս, ապահովում ձայների քանակը, նրանցից շատերի կարևորագույն ֆունկցիան միայն դրանում էր կայանում։ Հիմա միևնույն է՝ կլինի վարչություն, թե կոնկրետ մարմին, հարցն այն է, թե ինչպես կաշխատի։ Կարող է մի ողջ նախարարություն լինի և ոչինչ չանի, բայց կարող է լինի մի փոքր վարչություն, որը ճիշտ աշխատանք կիրականացնի։ Ըստ այդմ՝ սփյուռքի գործերի մեջ Հայաստանի պետական մարմինները չպետք է ընդհանրապես խառնվել, սփյուռքը պետք է լինի կառավարությունից անկախ մարդկանց զանգված՝ նվիրված ոչ թե կառավարությանը, այլ իր հայրենիքին։ Եվ այս դիրքորոշումը պետք է աշխատել, որ չփոխվի։ Թե ինչ կլինի հետո, սպասենք, տեսնենք՝ ինչ նոր մարմին է ձևավորվում, ինչ աշխատանք է փորձելու իրականացնել։
–Նախարարի պաշտոնակատար Միքայել Հայրապետյանը նշում է, որ սփյուռքի սպասելիքները հետհեղափոխական Հայաստանից չափազանց մեծ են։ Այդպե՞ս է արդյոք։
-Սփյուռքը միշտ մեծ ուշադրությամբ հետևել է, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Եվ տեղի ունեցած հեղափոխությունը, իհարկե, մեծ հույսեր տվեց, առաջին հերթին այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն Հայաստանի հետ աշխատել, դա հիմնականում հայրենասեր գործարարներն են։ Եվ հիմա սփյուռքը կառավարության կողմից ակնկալում է կոնկրետ քայլեր։ Առաջին՝ այն պլատֆորմի ստեղծումն է, ինչի մասին խոսվում է, այն է՝ այդ ներդրումներն անվտանգ կերպով տեղավորվեն։ Եվ նոր սփյուռքի նախարարն այդ մասին ասել էր, և դա մեծ ոգևորություն էր առաջացրել սփյուռքում։ Նա խոսել էր այն մասին, որ ԱԺ-ում պետք է դառնա երկպալատ և ստեղծվի մի օրգան, որը կներկայացնի սփյուռքը, որտեղ սփյուռքի ներկայացուցիչները կկարողանան մասնակցել երկրի քաղաքական կյանքին, որպեսզի կառավարման մեջ սփյուռքը որևէ կերպ ներկայացված լինի։ Նոնսենս է, սփյուռքը ներդրումներ է անում, մասնակցում Հայաստանի տնտեսական, մշակութային կյանքին, և պետք է նաև առնչություն ունենա երկրի զարգացման, կառավարման հետ։ Եվ այս հարցն ընդամենը մեկ անգամ բարձրաձայնվեց և մնաց օդում, չզարգացավ։ Այս գաղափարը սփյուռքի մի մեծ հատվածի կարող է համախմբվել։ Սփյուռքի հետ աշխատանքը ոչ միայն տնտեսական և մշակութային աշխատանք է, սփյուռքի վառ ներկայացուցիչներ կան, ովքեր կարող են և պետք է մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին։
–Նիկոլը Փաշինյանը օրերս հայտարարեց, որ ջնջել են Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը։ Այս հայտարարությունով ջնջվո՞ւմ է Հայաստանի ու սփյուռքի միջև սահմանը։ Ի՞նչ սահման է եղել, ո՞վ է գծել, եղել է արդյոք այդպիսի սահմա՞ն, թե ոչ։
-Գիտեք՝ ես չեմ տեսնում՝ սահմանը ջնջված է։ Սահմանը կջնջվի այն ժամանակ, երբ սփյուռքի ներկայացուցիչը հնարավորություն կունենա առանց որևէ խնդրի քաղաքացիություն ստանա Հայաստանում։ Մենք տեսնում ենք, որ Ժիրայր Սեֆիլյանն այսքան տարի քաղաքացիություն չուներ և բոլորվին վերջերս ստացավ անձնագիր։ Եվ սա այն մարդու մասին է խոսքը, ով Ղարաբաղ է ազատագրել, Շուշի է վերցրել և իր կյանքը նվիրել է հայրենիքին և հայրենիքից ընդհանրապես չի բացակայել։ Սահմանը կջնջվի այն ժամանայ, երբ սփյուռքը և հայաստանցիները, որոնք աշխատում են արտասահմանում, ընտրություններին քվեարկելու հնարավորություն կստանան, թեկուզ առկա դեսպանություններում։ Այս հարցերը արելի է շարունակել, բայց ես ուզում եմ միզուգահեռ անցկացնել հրեաների հետ։ Հրեաներն իրենց երկիրը դիտարկում են որպես կենտրոնական գրասենյակ։ Իրենք աշխարհով մեկ ապրում են և լոբբիզմ անում իրենց ստեղծած երկիրը, որը ստեղծել են հենց այդ լոբբիզմի շնորհիվ՝ ի տարբերություն մեզ։ Եվ անկախ նրանից որտեղ են գտնվում՝ հայրենիքում, թե հայրենիքից դուրս, իրենց խնդիրները կարողանան առաջ տանել և զարգացնել։ Կուզեի, որ այսպիսի կառուցվածքային մոտեցում որդեգրեր նոր ձևավորվող մարմինը։
–Պարոն Առաքելյան, 2019-ից ինչպիսի՞ սպասումներ կան։
-Շատ մեծ են սպասումները։ Մեր կառավարությունը և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հիմա ունեն ժողովրդի կողմից տրված քարտ բլանշ։ Այս մասին խոսում են թե՛ ստացված ձայների քանակը, թե՛ ընդհանուր մթնոլորտը Հայաստանում, և ես ակնկալում եմ, որ հիմա արդեն նոր տարուց սկսած՝ ժամանակ շատ արագ է վազելու նոր կառավարության և վարչապետի համար։ Եվ նոր կառավարությունը շատ կարճ ժամանակահատվածում պետք է կոնկրետ նվաճումներ ստանա, որը հասարակ ՀՀ և սփյուռքի ներկայացուցիչները իրենց մաշկի վրա կզգան։ Դեռևս լրիվ չձևավորված կառավարությունն ունի ընդամենը մի քանի ամիս, որ այդ բարեփոխումները իրականացնի։ Եթե դա ձգձգվեց, եթե նրանք տրվեցին մանր-մունր հարցերին և ոչ թե կարևոր պետական բարեփոխումներին, ապա այդ ժամանակահատվածը բաց կթողնվի և արդեն մյուս տարի արդեն այլ վերաբերմունք կլինի այս կառավարության նկատմամբ։ Եվ պետք է անեն ամեն ինչ, որ նշածս քարտ բլանշը պահպանեն ինչ-որ չափով։ Գիտեք՝ նոր տարվա նախօրեին միշտ ուզում ես լավատես լինել, բայց թե ինչպես իրադարձությունները կզարգանան, միայն ժամանակը ցույց կտա։ Հուսանք, որ ժողովուրդը հերթական անգամ խաբված չի լինի…











































