«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
-Պարոն Հոկտանյան, կշարունակվի՞ արդյոք կոռուպցիայի դեմ պայքարը նույն տեմպերով և ծավալներով, ինչ ընտրություններից առաջ։ Հնարավո՞ր են առաջիկայում նոր սկանդալային բացահայտումներ։
-Ինչպես և նախկինում, հիմա էլ որևէ տրամադրվածություն չունեմ տեմպերն ու ծավալները թուլացնելու կամ ավելի մեղմ գտնվելու։ Սկանդալներն արտացոլում են համակարգային բնույթ ունեցող չլուծված խնդիրները, բայց իմ մոտեցումները չեն եղել սկանդալների հիման վրա, իհարկե, ես տեսնում եմ, որ որոշակի քայլեր արվել են հեղափոխությունից հետո, բայց այդ քայլերի համակարգայնությունը դեռ չկա։ Եվ եթե դա ավելի համակարգված լինի, իրավիճակը, ինձ թվում է, կբարելավի։
-Հիմա երբ հեղափոխությունն ամբողջականացվել է, ի՞նչ եք կարծում, վերջին ամիսների սկանդալային բացահայտումները, որ հաճախ ուղեկցվում էին այս կամ այն նախկին պաշտոնյաների ձերբակալություններով և ազատ արձակումներով, կամ միայն հայտարարություններով, հնարավո՞ր կլինի բացահայտել։
-Դժվարանում եմ կանխատեսել՝ նույն տեմպերով կլինի բռնելու գործընթացը, թե ոչ։ Այստեղ երբ ասում էի համակարգված մոտեցում, դա նկատի չունեի։ Ներկա դրությամբ այն, ինչ տեղի է ունենում՝ բռնելը, ապօրինի հարստացման մեղադրանքներով որոշ մարդկանց կալանավորելը հակակոռուպցիոն քաղաքականության իրավապահ մարմինների բացահայտման բաղադրիչի ուժեղացման միջոցով է արվում, ինչը բավականին ողջունելի էր։ Ուրիշ հարց, որ դա արվի իսկապես օրինականության հիմքերով, չլինի խտրական։ Սովորաբար շատ այլ երկրներում այդ խնդիրը եղել է։ Եվ հիմա չլինի այնպես, որ նախկին իշխանությունների որոշ գործիչներ կամ մեծահարուստներ ինդուլգենցիա ստանան և նրանց չկպնեն, ուրիշների կպնեն։ Այսինքն՝ եթե կան այդպիսի խնդիրներ, դրանք պետք է վերաբերեն բոլորին, և հարցը պետք է չքաղաքականացնել։ Երկրորդ՝ հակակոռուպցիոն այդպիսի քաղաքականությունն ունի երկու այլ բաղադրիչ․ առաջին՝ դա կանխարգելումն է։ Եվ իշխանությունները պետք է ուժեղացնեն նաև կանխարգելման բաղադրիչը, այսինքն՝ այն, ինչ միշտ նշվել է, գույքի եկամուտի հայտարարագրման համակարգը, շահերի բախման խնդիրները լուծվի, իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծումը։
Այս բոլորն ունեն ֆունդամենտալ նշանակություն, և եթե այդ կանխարգելումը չլինի, վախենում եմ, որ իրավապահ մարմինների ռեսուրսները չեն հերիքի այդ բացահայտումների համար, որովհետև կանխարգելելը էապես կթեթևացնի նաև իրավապահների գործունեությունը, և ոչ միայն գործունեությունը, այլ նաև մասնագիտացումը, որ արդեն Ազգային անվտանգության ծառայությունը սկսի զբաղվել կոռուպցիոն այն հանցագործություններով, որոնք ուղղակիորեն կապված են ազգային անվտանգության հետ և անդրազգային կոռուպցիոն սխեմաների՝ օֆշորներ և այլնի հետ են կապված, բնականաբար, ԱԱԾ-ն պետք է շարունակի, բայց ոչ այն ծավալներով, ինչ մինչև հիմա արվում էր, այսինքն՝ այստեղ առաջ կգա ավելի դիֆերենցված մոտեցման հարցը։
Երկրորդ բաղադրիչը նույնպես շատ կարևոր է, այն, ինչ մեր կազմակերպությունը միշտ ասում էր, որ քաղաքացին ինքն էլ պետք է հասկանա, որ չպետք է կաշառք վերցնի, կաշառք տա, պետք է լինի անհանդուրժող կոռուպցիայի նկատմամբ։ Դժբախտաբար, այն ուսումնասիրությունները, որ արվել էին, նույն Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը դա ուսումնասիրել է, և 2016-ին հրապարակած հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը շատ հանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ, առավել հանդուրժողներից աշխարհում։ Սա նույնպես իշխանությունների խնդիրը պետք է դառնա, որ երբ հասարակությունը իսկապես տեսնի պատժելիություն, իսկապես արդյունավետ կանխարգելում, դրանից կսկսվի այս երրորդ բաղադրիչը, այսինքն՝ հանրային աջակցության հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը։
Սա նույնպես շատ կարևոր բաղադրիչ է։ Եվ եթե շարունակվի այս հանդուրժողականությունը, այդ հանրային աջակցությունը չլինի իսկապես լուրջ, այսինքն՝ մարդիկ մտածեն, որ նախկին ռեժիմի կամ մեծահարուստների կոռուպցիոն հանցագործությունները բացահայտում ենք, բայց հանկարծ մեզ չկպնեն, և եթե մենք ենք կաշառք տալիս աշխատանքի ընդունվելու համար, կամ խնամի-բարեկամ-ծանոթով ենք աշխատանքի ընդունվում, մեզ ձեռք չտան, այս կրկնակի ստանդարտները վերացնել է պետք։
-Նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից պատրաստակամությունը գումարը հետ վերադարձնելու ինչպե՞ս եք գնահատում։ Սա կարո՞ղ է մեղմել պատժաչափը։ Եվ արդյո՞ք համարժեք է նրանց առաջարկած գումարի չափը նրանց՝ պետությունից կողոպտածին։
-Սա պետք է արվի ոչ թե այն ձևով, ինչպես հիմա է արվում։ Ինչ-որ մեկը նախկինում երևի ինչ-որ բաներ է թալանել, հետո ասում է՝ նվիրատվություն եմ անում, և գործը կարճվում է, կամ մեղմացվում է պատիժը։ Սա, իհարկե, շատ սխալ մոտեցում է։ Այսպես չպետք է լինի։ Հենց այստեղ եմ տեսնում անցումային արդարադատություն կիրառելու տարբերակը՝ այն իմաստով, որ պետք է նախ հասարակությունը առաջին հերթին իմանա, որ այդպիսի բաներ եղել են, և երկրորդ՝ պետք է գտնվեն հենց իրավական, տնտեսական մեխանիզմներ ոչ թե ուղղակի այդ գումարը պետությանը տալու համար, լավ, այդ գումարը կամ հյուրանոցը տվեցին, ինչպե՞ս է դա հետո տնօրինվելու։ Սա նույնպես պետք է իրավական լուծում ստանա, այսինքն՝ այդ գումարն ուր է գնալու, ինչպես է օգտագործվելու, որքանով այդ օգտագործումը կլինի թափանցիկ, որքանով հաշվետու կլինեն այն մարմինները։ Այսինքն՝ այս խնդիրներն ավելի շատ հենց իրավական կարգավորման կարիք ունեն, որովհետև ապագայում դա կարող է խնդիր առաջացնի։









































