Միջազգային հանրությունը զարմանքով, ուշադրությամբ ու հիացմունքով հետևում էր Հայաստանում կատարվող ապրիլ-մայիսյան իրադարձություններին, իշխանափոխությանը, բայց խոր ընկալում, թե ինչ էր կատարվում, չունեին: Հաշվի առնելով նաև հանրապետականների դեզինֆորմացիան, հակապետական քարոզչությունը՝ միջազգային մեր գործընկերները այնպիսի տպավորություն էին ստանում, որ Հայաստանի իրադարձությունները հանգիստ չեն ընթանում, որ ժողովրդավարությունն այնպես չի ընթանում, ինչպես պնդում են նոր իշխանությունները, և դա երևում էր այն գնահատականներում, որ կային մինչև ընտրությունները,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը: – Այսօր բոլորովին այլ իրավիճակում ենք: Մենք ունենք ժողովրդավարական կանոնների համաձայն ընտրված խորհրդարան, լեգիտիմ իշխանություն և ամենակարևորը՝ համաշխարհային կենտրոնների կողմից ոչ միայն ճանաչված, այլ նաև ամենաբարձր գնահատականների արժանացած ընտրություններ»:
Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ աշխարհն այժմ Հայաստանը այլ հարթության վրա է դիտարկում և համարում է ամենաառաջատար պետություն: Նրա խոսքով՝ միջազգային կենտրոնների, գործընկեր պետությունների շնորհավորանքները օդում ասված խոսքեր չեն, այլ փաստաթուղթ, որոնց հիման վրա են առաջիկայում մեր երկրի հետ կառուցվելու հարաբերությունները, ինչը կարևորագույն նվաճում է:
«Սա երկրորդ հեղափոխությունն է, որ արեցին Նիկոլ Փաշինյանը և ժողովուրդը: Առաջինն արվեց ապրիլին, երբ հեռացավ Սերժ Սարգսյանը, երկրորդը հիմա արվեց: Մենք ունենք դրական գնահատականներ, ինչը հիմք է հանդիսանալու, որ համաշխարհային կենտրոնների հետ նոր հարաբերություններ կառուցվեն»,- ընդգծեց ՀԱԿ միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































