«Քաղաքականությունը վերադառնում է Հայաստան, և այն փուլը, որը պետք է այդ վերադարձի գործընթացը հաստատ դարձներ, անցել ենք, այսինքն՝ փակել ենք այն էջը, երբ քաղաքականությունը դուրս էր եկել Հայաստանից և մտադիր էլ չէր վերադառնալու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՍԻՄ կուսակցության հիմնադիր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով արձանագրվեց, որ մենք թևակոխում ենք մի շրջան, որը փակում է իրականում ոչ թե գունավոր, այլ մեծամասնության համար սև եղած էջը. «Այդ էջն արդեն փակել ենք, և հիմա սկսվում է աշխատելու շրջանը, իսկ աշխատելը լավ է ստացվում, երբ ժողովրդի և իշխանության միջև կա սեր: Իսկ հավատն ու սերը նրա համար են, որ հույսը մենակ չմնա, ու սպասենք, թե երբ է մեռնելու վերջում»:
Հրանտ Խաչատրյանը կարծում է, որ պետք է արագ կառուցեն վստահության կամուրջներ. «Ես նկատի ունեմ այն հասարակական և կուսակցական կառույցները, որի դեպքում և՛ վերևից, և՛ ներքևից պետք է լինի նախաձեռնություն: Երբ կարողանանք այդ կամուրջները կառուցել, այդ ժամանակ վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանը բռնել է զարգացման ճանապարհը»:
Մեր զրուցակիցը ՀՀ նոր թիմի ութամսյա աշխատանքը հուսադրող է համարում, բայց, նրա խոսքով, կան բազմաթիվ թերություններ՝ կապված կա՛մ անփորձության, կա՛մ թիմային աշխատանքին ամբողջովին մերված չլինելու հետ. «Պատճառը գուցե նաև այն էր, որ մերժված ուժը մինչև վերջին պահը չհանձնվեց և իրավիճակը պահեց ծայրահեղ բևեռացման մեջ, որ գնահատվեց սև-սպիտակ: Ես այդ գնահատականի հետ համաձայն եմ՝ սևին պետք է սև ասել, սպիտակին՝ սպիտակ; Իսկ մյուս գույները չէին երևում, որովհետև սպիտակը կուրացնող էր, սևը՝ վատ հուշեր արթնացնող»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































