Հեղափոխական ուժի համար խորհրդարանի այս պատկերը սպասելի էր: «Մենք ապահովել ենք ժողովրդի ազատ կամարտահայտությունը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով՝ առաջին անգամ է, որ խորհրդարանում 1/ 3 մասը ընդդիմություն է: «Նախկինում իրական ընդդիմությունը առավելագույնը կազմել է 7 տոկոս: Սրանից հստակ հետևում է, որ միաբևեռ քաղաքական ուժի մասին խոսակցություններն անհիմն են. նման մտավախության առիթ չկա: «Իմ քայլը» դաշինքի ներսում պահպանվելու են ժողովրդավարական մեխանիզմները: Վարչության ընտրության ժամանակ ՔՊ-ի տարբեր թեկնածուներ սուր քննադատությամբ են հանդես եկել միմյանց նկատմամբ, մենք այս գործելաոճը շարունակելու ենք: Բացի դրանից՝ Հայաստանի հասարակությունը հետհեղափոխական շրջանում մի սուբյեկտ է, որի հետ ցանկացած քաղաքական ուժ պետք է հաշվի նստի» ,- նշեց Աղաջանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ՝ խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, 132 պատգամավոր կլինի՝ «Իմ քայլից»՝ 88, «Լուսավոր Հայաստանից»՝ 18 և ԲՀԿ-ից՝ 26: «Մենք շարունակում ենք մեր գործառույթները: Օրենքը թույլ է տալիս, որ կառավարությունը ձևավորվի թե՛ մինչ տարեվերջ, թե՛ գալիք տարում: Իմ կարծիքով՝ շտապելու կարիք չկա, շտապողականությունը կարող է բերել չհաշվարկված որոշումների: Առավելագույնս մտածված և կշռադատված որոշումներ պետք է կայացվեն, ինչի համար ժամանակ է պետք: Առաջին հերթին կադրային նշանակումներ կլինեն, կառավարության ձևավորումից հետո կանդրադառնանք ռազմավարական և մարտավարական հարցերին»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Մանրամասն՝ տեսանյութում:







































