Խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՅԴ ղեկավարությունը: Դաշնակցությունը, ինչպես հայտնի է, չի անցել 5 տոկոսն ու չի հայտնվել խորհրդարանում, գործնականում առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում: ՀՅԴ-ն չկար իհարկե նաև 1995-ին, բայց պարզապես արգելված լինելու պատճառով: Մինչդեռ 1995-ին ՀՅԴ-ն ուներ, թերևս, խորհրդարանում ամենամեծ և համոզիչ ներկայացվածության շանսը: 1998-ին իրավիճակի հայտնի փոփոխության շնորհիվ Դաշնակցությունը վերադարձավ քաղաքականություն և սկսեց իր մարտավարությունը կառուցել նոր իշխանության հետ պայմանավորվածությունների առանցքով: ՀՅԴ-ի ընտրական ներուժն այդպիսով սկսեց նվազել աստիճանաբար և Դաշնակցությունը խորհրդարանում էր հայտնվում գերազանցապես իշխանության հետ գործակցության շնորհիվ:
Այդուհանդերձ, դրանում կար որոշակի հակասականություն, նկատի ունենալով այն, որ կուսակցությունը Հայաստանում, թերևս, ամենագաղափարական, ամենաքաղաքական, միաժամանակ հնարավորինս ապակենտրոն, սակայն նաև բավական կուռ կառույցներից մեկն է, որն ուներ իր կայուն ընտրազանգվածը: Այն թույլ չէր տալիս հաղթահարել 5 տոկոսն ինքն իրենով՝ ինչպես ցույց տվեց 2018-ի ընտրությունը, սակայն քաղաքական արդյունավետ աշխատանքի դեպքում Դաշնակցությունը կարող էր հավակնել այլ համակիր ընտրողների ձայնի, հանրային տարբեր շերտերից, այդպիսով ինքնուրույն հաղթահարելով շեմը: Դրա փոխարեն, սակայն, կուսակցության լիդերախումբը գնաց իշխանության հետ «երաշխավորված» պայմանավորվածությունների ճանապարհով: Այդ լիդերախումբը դրանից ստանում էր իշխանության որոշակի մաս, բայց կուսակցության քաղաքական կենսունակության հաշվին: Այդ քաղաքականության սնանկությունը բացահայտվեց 2018-ի առաջին իսկ ազատ ընտրության պայմաններում: Ու նաև այդ բացահայտման յուրօրինակ շարունակություն է կուսակցության ղեկավարության հայտարարությունը այդ ընտրության արդյունքի կապակցությամբ, որտեղ ՀՅԴ արդյունքի պատճառ փնտրվում է գործնականում ամենուրեք, սեփական քաղաքական վարքագծից բացի: Այն դեպքում, երբ կուսակցության արդյունքի բուն պատճառը գործնականում եղել է այն, որ լիդերախումբը՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, գործնականում, մի կողմից, իշխանության հետ գործակցությամբ նպաստել է Հայաստանի հանրային ու պետական ռեսուրսները մսխող և դրա հաշվին վերարտադրվող համակարգի պահպանմանը, մյուս կողմից՝ մսխել է կուսակցության շարքերի բացառիկ նվիրվածությունը ՀՅԴ գաղափարներին ու սկզբունքներին:
Տարածված հայտարարության մեջ լիդերախումբն ակնհայտորեն փորձում է շարունակել այդ նվիրվածության շահարկումը՝ շնորհակալություն հայտնելով նվիրվածության համար, «տարիներով ապացուցված հավատարմության համար»: Դաշնակցությունը ոչ միայն քաղաքական, համահայկական կարևորագույն մի կառույց է, որն ունի թե՛ Հայաստանի, թե՛ համահայկական խնդիրների լուծման գործում օգտակարության ահռելի ներուժ: Բայց ակնառու է նաև, որ առնվազն Հայաստանի քաղաքական կյանքում մասնակցության կերպի առումով այդ ներուժը ունեցել է էական նվազում: Ու այստեղ, թերևս, իրենք իրենց հարց տալու անհրաժեշտություն ունեն շարքերը: Պե՞տք է դնել հարցեր կուսակցության լիդերների առաջ, կամ հեռանալու պահանջներ ՀՅԴ նոր ղեկավարություն ձևավորելու, կուսակցության վերափոխման համար, թե՞ շարունակել մնալ «հավատարիմ», բայց փաստացի ոչ թե կուսակցությանը, այլ կուսակցության ներուժը քաղաքական առևտրի առարկա դարձրած լիդերախմբին, որը հայտնվել է քաղաքականությունից դուրս, քանի որ դուրս է մնացել նաև այդ լիդերախմբի «առևտրային» գործընկերը:
Այդ տեսանկյունից, խորհրդարանից դուրս մնալը թերևս շանս է նաև ՀՅԴ համար՝ վերից վար վերափոխվելու և նոր քաղաքական իրողություններում կուսակցության տեղն ու դերը ձևավորելու համար: Ի վերջո, կասկած չկա, որ զուտ քաղաքական գունապնակի առումով մենք գտնվում ենք աբսուրդ իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում կարող է լինել, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, իսկ Դաշնակցություն՝ չլինել: Ինքնին հասկանալի է, որ դա քառորդ դար քաղաքական համակարգի, քաղաքական ինստիտուտների, քաղաքականության նենգափոխման հետևանքն է: Մյուս կողմից, այստեղ, իհարկե, այդ նենգափոխման հետևանքը կրելու տեսանկյունից պատասխանատու է յուրաքանչյուր սուբյեկտ, որը հենց իր վրա կրում է այդ հետևանքը: Եվ ըստ էության հարցն այժմ այն է, թե ՀՅԴ-ն որքանով ուժ կգտնի ընդունել ու իրացնել այդ պատասխանատվությունը:









































