ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, խոսելով կազանյան հանդիպման արդյունքներից, ասաց, որ այն ի սկզբանե դատապարտված էր ձախողման ոչ միայն համանախագահների շահերի տարբերության, այլև Ադրբեջանի չափազանց մեծ ախորժակի պատճառով։
«Որքան էլ միջնորդները լավ արդյունքներ էին կանխատեսել, սակայն պետք է հասկանալ, որ դիրքորոշումների նույնությունը դեռևս շահերի նույնություն չէ։ Այս առումով կազանյան հանդիպումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման»,- ասաց «Ժառանգության» պատգամավորն ու հավելեց. «Հայկական կողմը կարող է հայտարարել, որ ԼՂ ինքնավար մարզի դիմաց կարող է զիջել ամեն ինչ, բայց անգամ սրան Ադրբեջանը համաձայն չէ»։
Ս.Սաֆարյանը նաև կարծիք հայտնեց, որ բանակցային գործընթացում առկա էին մի քանի սողանցքներ: Նրա խոսքով՝ առաջիկայում ԼՂ խնդրով լուրջ փոփոխությունների սպասելն անիմաստ է։ «Ժառանգության» ղեկավարը, անդրադառնալով պատերազմի հնարավոր սցենարին, նշեց, որ դրան չի հավատում, քանի որ Ադրբեջանն այս տարի զբաղված է լինելու «Եվրատեսիլ»-ով: Սաֆարյանի կարծիքով՝ կազանյան հանդիպումից հետո Ադրբեջանին այլ բան չէր մնում, քան ներքին սպառման համար ռազմական շքերթի կազմակերպումը:
Խոսելով ռուսական «Կոմերսանտի» այն հրապարակման մասին, թե Մեդվեդևը հոգնել է ԼՂ բանակցային գործընթացից՝ Սաֆարյանը հայտարարեց. «Դա ավելի շատ խաղ է, քան իրականություն»:










































