Այսօր բանակի 22-ամյա տարեդարձի կապակցությամբ Եռաբլուրի զինվորական պանթեոն էին եկել սահմանին զոհված հերոս Արմեն Հովհաննիսյանի ուսուցիչները:
Մշակույթի քոլեջի զինղեկները շատ լավ են հիշում նրա սխրագործությունները: Նրա զինղեկ Գուրգեն Մարգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արմենը առաջին օրվանից սիրել է ռազմական գործը: Դասարանով ամեն տարի այս օրը նրանք գալիս էին Եռաբլուր՝ հարգելու զոհվածների հիշատակը:
«Երբ նախանցած տարի եկանք, ասաց՝ ամեն տարի եկեք գանք, այստեղ այնպիսի տղաներ են, որ տեսնում ենք՝ ավելի ենք ոգևորվում: Ամեն տարի ավանդաբար ուսանողներին բերում ենք այստեղ, ծաղիկներ դնում»,- ասաց զինղեկը:
Արմենի կատարածը նա համարում է խիզախ քայլ: Ուսուցչի խոսքով՝ երբ դպրոցում քննարկում էին հայրենասիրական թեմաներ, Արմենը միշտ առաջնային դիրքում էր:
«Շատ էր սիրում հայրենիքը, գիտեր բոլոր ազատամարտիկներին՝ անուն առ անուն, նաև՝ թե ով որտեղ է կռվել, երբ է զոհվել»,- ասաց նա:
Ուսուցիչը վստահ է, որ Արմենի քայլը կոգեշնչի մյուս երիտասարդներին: Նրա խոսքով՝ ունենք շատ ուժեղ բանակ, մեր ժողովուրդը պաշտպանված է, քանի որ մեր զավակները սահմանին նվիրված կանգնած են և ապահովում են մեր անվտանգությունը:
Մշակույթի քոլեջի մյուս զինղեկ Ալբերտ Բաղդասարյանն էլ հիշեց. «Արմենը նռնակը ուղիղ էր գցում, իր գցած նռնակը նշանակետին էր հասնում»:
Նրանք նշեցին, որ Ամենը անաչառ անձնավորություն էր, և ընդհանրապես՝ իրենց քոլեջում ունեն հրաշալի երիտասարդներ, որոնց մոտ բարձր է հայրենասիրական ոգին:










































