Սևծովյան-կասպից տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի նախագահ Վլադիմիր Զախարովի գնահատմամբ՝ Կազանում ԼՂ հարցով առաջընթաց չգրանցվեց, որովհետև այս հակամարտությունում խառնված են երրորդ ուժեր, մասնավորապես ԱՄՆ-ը:
Այսօր Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում գնահատելով կազանյան հանդիպումը՝ Զախարովը նկատեց, որ մինչ հանդիպումը կարծես թե որոշված էր, որ Կազանում ինչ-որ բան կստորագրվի: Ավելին, նրա ասելով՝ հունիսի 11-ին Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպումից էլ երևում էր, որ ամեն ինչ կարգին է. «Սակայն դա խաբուսիկ էր, և կազանյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հանկարծ հանդես է եկել ոչ մեկ, ոչ էլ երկու, այլ միանգամից 10 փոփոխություններով: Սա շատ լուրջ հայտարարություն էր, որը ոչ մեկի կողմից մինչ այդ չէր բարձրացվել և ունի շատ պարզ ենթատեքստ»:
Ռուս փորձագետի խոսքերով՝ այդ ենթատեքստի էությունն այն է, որ մինչ հանդիպումը Իլհամ Ալիևի հետ ինչ-որ բանակցություններ են անցկացվել. «Ո՞ւմ կողմից՝ հստակ պարզ չէ, բայց բնական է, որ դա ԱՄՆ-ը կամ արևմտյան այլ ներկայացուցիչներն են եղել, որոնք պայմանավորվել են Ալիևի հետ ամեն ինչ անել, որ Կազանում ոչ մի բան չստորագրվի»:
Զախարովը նշեց, որ ԱՄՆ-ը շահագրգռված է որևէ փաստաթղթի չստորագրմամբ, քանզի դեռ չի հրաժարվել Իրանի հետ պատերազմ սկսելու իր գաղափարից. «Այդ պատերազմը նախատեսվում է 2013 թ. և ժամանակը մոտենում է։ Ինչքան մոտ՝ այնքան ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է Իրանի մոտակայքում ունենալ վայրեր, որտեղից կարող են թռչել ամերիկյան ինքնաթիռները: Այն, որ Ադրբեջանի տարածքից դա հնարավոր չէ անել, պարզ է ամերիկացիների և ադրբեջանցիների համար, քանզի Իրանը զգուշացրել է, որ այդ դեպքում ադեկվատ պատասխան կտա: Պարզ է, որ ամերիկացիներին պետք է իրենց «պայմանավորվածությունների եղբորը» անվնաս պահեն, իսկ այ Ղարաբաղը կարելի է օգտագործել որպես թռիչքուղի»:
Ռուս փորձագետի խոսքերով, հենց այս իրավիճակն է, որ խանգարում է իրական բանակցային գործընթացին, և արդեն իսկ ակնհայտ է, որ այս պայմաններում Ռուսաստանի նախագահը հրաժարվում է մասնակցել եռակողմ հանդիպումներին:




































