ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները սմարթֆոնների տերերի անձնական տվյալները հավաքել են ծրագիր-հավելվածների միջոցով: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Էդվարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերին:
Ստացված տեղեկությունները հատուկ ծառայություններին թույլ են տվել որոշել տվյալ օգտատիրոջ գտնվելու վայրը, տարիքը, սեռը և այլ տվյալներ:
Դեռևս 2007-ին ԱԱԳ-ն և Կառավարական կապի բրիտանական կենտրոնը կարողացել են կոտրել տասնյակ հավելվածներ: Այդ ժամանակից ի վեր նրանք հասանելիություն են ստացել օգտատերերի հասցեների գրքերին, սոցցանցերում «ընկերների» ցուցակին, հեռախոսազանգերի մասին տվյալներին և այնպիսի հանրահայտ հավելվածների աշխարհագրական մարքերներին, ինչպիսիք են՝ Facebook, Flickr, LinkedIn և Twitter ցանցերի բջջային տարբերակները:
Կոտրվել են նաև սմարթֆոնների հայտնի խաղերը, ինչպես, օրինակ, Angry Birds-ը:
Հատուկ ծառայություններին հատկապես հետաքրքրել են տվյալ օգտատիրոջ քաղաքական հայացքները և սեռական կողմնորոշումը:
Հատուկ ծառայությունների մոտ հատուկ հետաքրքրություն է առաջացրել նաև Google Maps ծրագիրը:









































