«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Վրաստանի կառավարությունն այս տարի մորատորիում կհայտարարի առաջին կատեգորիայի ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար։ Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել նախարարություններին՝ իրենց ավտոպարկից վաճառքի դուրս բերել թանկարժեք ավտոմեքենաները՝ նշելով, որ մեքենաների վրա տնտեսված միջոցները նախարարությունները կարող են օգտագործել , օրինակ, աշխատակիցների որակավորման բարձրացման համար։
Չէ, միգուցե Հայաստանի պետական համակարգի աշխատակիցների որակավորումն այնքան բարձր է, որ դրանից ավելի բարձրացնելու կարիք չկա։ Սակայն կարծում ենք՝ բոլորը կհամաձայնեն, որ մեր երկրում էլ փողը ծախսելու ավելի հարմար ու հրատապ տեղեր կան, քան թանկարժեք ծառայողական մեքենաները:
ՀՀ ծառայողական ավտոպարկն այսօր ունի շուրջ հազար մեքենա։ Միայն 1 մեքենայի պահպանման ծախսը տարվա կտրվածքով կազմում է շուրջ մեկ միլիոն դրամ։
Իսկ հնարավո՞ր է, որ մեզ մոտ էլ նման նախաձեռնություններ լինեն։ Ասենք, կառավարությունը սահմանափակի ծառայողական մեքենաների վրա կատարվող ծախսերը։
Դժվար թե, որովհետեւ կառավարության գործողություններն այլ բան են վկայում։ Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին կառավարությունը որոշում էր ընդունել պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 789 մլն դրամ կամ ավելի քան 1,95 մլն ԱՄՆ դոլար։ Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Լուսանկարը shamshyan.com-ի










































