«Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որ դաշինքը կամ կուսակցությունը քանի՞ տոկոս քվե կհավաքի» հարցման արդյունքներն այսօր ներկայացրել է «GALLUP International association»-ի Հայաստանում անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Ըստ այդմ՝ քաղաքական ուժերը կստանան հետևյալ քանակով ձայները. «Իմ քայլը»՝ 69.4%, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8%, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, «Մենք»՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն՝ 0.0%: Ըստ նրա՝ հրաժարվել է պատասխանել հարցմանը մասնակցածների 8.7%-ը, իսկ դժվարացել է պատասխանել 7%-ը: «Նախընտրական ճեպընթաց՝ վերջին կանգառ» հարցումն անցկացվել է դեկտեմբերի 1-4-ը, մասնակցել է 1100 քաղաքացի: Սխալմունքը 3 տոկոսի սահմաններում է:
Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով: Արամ Նավասարդյանը նշել է, որ հաշվի առնելով սխալանքն ու պատասխանելուց հրաժարվածներին, ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», իսկ ՀՀԿ-ի հարցը շատ անորոշ է:
Սա, ըստ էության, այս ընտրությունների շրջանակում անցկացված վերջին հարցումն է: Հարցման տվյալներն անակնկալ չեն ու չնչին տարբերություններով կրկնում են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցման տվյալները:
Հարցման ինտրիգը, անշուշտ, վերաբերում է ՀՀԿ-ին: Այս կուսակցությունը թերևս դարձել է այս ընտրական գործընթացի հիմնական ինտրիգը` հատկապես վերջին օրերի սկանդալային իրադարձություններից հետո: Քարոզարշավը, Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցած բանավեճը ՀՀԿ-ն օգտագործեց բավականին արդյունավետ ու խիստ մոտեցել է խորհրդարանում հայտնվելու սահմանագծին: Իհարկե, արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն որևէ պարագայում չի կարող դառնալ խորհրդարանական երկրորդ ուժ ու սա շատ կարևոր արձանագրում է, որը, ըստ էության, բացահայտում է ՀՀԿ-ի մարտավարության ձախողումը, մյուս կողմից` եթե ՀՀԿ-ն հայտնվի ԱԺ-ում դա կլինի հեղափոխության ինստիտուցիոնալ թուլության դրսևորումը:
Հարցման արդյունքները, սակայն, բացահայտում են այլ կարևոր իրողություններ ևս: Եթե անգամ անվերապահորեն ընդունենք դրանց տվյալները, ապա ակնհայտ է, որ ապագա խորհրդարանում դեմոկրատական այլընտրանքի դերին հավակնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Եթե նույնիսկ ԲՀԿ-ն զբաղեցնի երկրորդ տեղը, ակնհայտորեն չի կարող հավակնել ընդդիմության դերին: Ամբողջ քարոզարշավի ընթացում այս կուսակցության կողմից չեն հնչեցվել քաղաքական ուղերձներ: Գագիկ Ծառուկյանի թիմի ամենաուշագրավ թեզը տնտեսական հեղափոխության դրույթն է, որը հազիվ թե կարելի է բրենդային համարել: Բանն այն է, որ դեռևս պաշտոնական քարոզարշավի մեկնարկից երկու օր առաջ` համաերևանյան երթի օրը, Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է տնտեսական հեղափոխության թեզը, ու այս քարոզարշավում ԲՀԿ-ն, ըստ էության, կատարեց «Իմ քայլը» դաշինքի ստվերի դերը: ԲՀԿ-ն օբյեկտիվորեն չի կարող կատարել դեմոկրատական ընդդիմության դերը, որովհետև բնույթով քրեաօլիգարխիկ կուսակցություն է: Փաստորեն այս խորհրդարանն այս իմաստով կրկնում է նախորդների փորձը, երբ ԲՀԿ-ն իրականացնում էր բուֆերի դեր: Այս հանգամանքը հուշում է, որ հաջորդ ԱԺ-ն ևս լիարժեք քաղաքական լինել չի կարող:
Այնուամենայնիվ, մխիթարական է այն հանգամանքը, որ խորհրդարանում ներկայացված է լինելու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն այս ընտրարշավի, թերևս, իրական այլընտրանքն է` եվրոպական մոդելի պետության իր տեսլականով: Այս փաստն ուշագրավ է, հատկապես հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի տեսանկյունից, որովհետև առանց դեմոկրատական հակակշռի ինստիտուցիոնալիզացիայի հնարավոր չէ պատկերացնել դեմոկրատական փոփոխությունների անշրջելիությունը:
Լուսանկարը՝ Photolure-ի








































