Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ձերբակալվել է ամերիկուհի լրագրող Ամանդա Էրիքսոնին և բրիտանուհի իրավապաշտպան Սիլվիա Դևիսին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող վերջին կասկածյալը։ Այս մասին հայտարարել է Բաքվի ոստիականության գլխավոր վարչությունը։
Օտարազգիները ծեծի էին ենթարկվել հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ Բաքվում։ Այդ կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով (մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանություն)։ Գործի շրջանակներում ձերբակալվել է 3 մարդ։
Հիշեցնենք, որ ամերիկուհի լրագրողին և բրիտանուհի իրավապաշտպանին ծեծի ենթարկելը համընկել էր ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիայի ադրբեջանական այցին, որը Բաքվում հայտարարել էր.
«Եթե Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է ամրապնդել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները, ապա պետք է աշխատանքներ տանի այդ ուղղությամբ։ ԱՄՆ-ը ջերմ հարաբերություններ է պահպանում այն երկրների հետ, որոնցում հարգում են իրենց քաղաքացիների իրավունքները»։











































