Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն չեղյալ է հայտարարել ընդունելությունը, որը պետք է տեղի ունենար հունվարի 25-ին Թբիլիսիի առանձնատանը՝ իր ծննդյան տոնի առիթով: Նա դարձել է 86 տարեկան: Ինչպես հայտարարել են Շևարդնաձեի մամլո ծառայության ներկայացուցիչները, նա չեղյալ է հայտարարել խնջույքը՝ կապված Կիևում վերջին օրերի իրադարձությունների ժամանակ մարդկանց մահվան հետ:
Շևարդնաձեի մամլո ծառայության աշխատակցի խոսքով՝ նախկին նախագահը սրտին շատ մոտ է ընդունել Կիևի իրադարձությունները: Խնջույքին պետք է մասնակցեր ավելի քան 50 մարդ՝ մտերիմներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, ընկերներ:
Շևարդնաձեն ծնունդը նշել է ընտանիքի անդամների նեղ շրջանակում՝ փոխանցում է Gruziya Online-ը:








































