Երևանի Հանրապետության հրապարակում նոր գլխավոր տոնածառ է տեղադրվելու, աշխատանքները սկսվել են, PanARMENIAN.Net – ին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
Նա նշեց, որ տոնածառն արհեստական է լինելու:
« 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: Տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 15-ից հետո: Օրն առաջիկայում կհստակեցնենք: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14.4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է մոտ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով», – ասաց Կարապետյանը:
Նախորդ տարիներին Հանրապետության հրապարակում տեղադրվել է միևնույն ձևավորմամբ, բնական ճյուղերով տոնածառը, որը չի արժանացել մայրաքաղաքի բնակիչների միանշանակ համակրանքին:








































