«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արվեստագետ Արման Գրիգորյանը։
-Ինչպիսի՞ն է քաղաքացու դերը նոր Հայաստանում. արտաքուստ նոր Հայաստանի հիմքում մարդն է, քաղաքացին, բայց հիմա գործում է մասսայական մտածողությունը, որը ցանկացած շեղվողի դատապարտում է։
–Նախ «քաղաքացի» հասկացությունը մեզ համար նոր բան է, և որքան հիշում եմ, ընդամենը 10 տարի առաջվանից սկսեցին օգտագործել, այն էլ քաղաքականին հակադրված ձևով էին փորձում օգտագործել, և իշխանություններին դա ձեռք էր տալիս։
Վերջապես հիմա հասկացվեց, որ քաղաքացին քաղաքականություն անող մարդն է։ Այդ առումով սա նոր ֆենոմեն է։ Ցավոք, մեր հասարակության մեջ քաղաքացու դերը կարևոր չէ, մեզ համար կարևորը հայի դերն է։ Մենք մի մշակույթի մեջ ենք, որտեղ ոչ թե քաղաքացին է կարևորվել, այլ հայը։ Իսկ հայը իբրև քաղաքացի չի ընկալվել։ Մինչև այսօր էլ հայ ասելով՝ հաճախ հասկանում են ինչ-որ կրոնական, բարոյաէթիկական պատկերացումների մի խառնուրդ, շատ նման կովկասյան, արաբական կամ պարսկական մշակույթին։
-Նոր Հայաստանում այդ մտածողությունը փոփոխության չի՞ ենթարկվել։ Հայից չենք դարձել հայ քաղաքացի՞։
-Փորձում ենք։ 10 տարվա քաղաքացի լինելու պատմությունը շատ կարճ է մեզ մոտ։
-Դա՞ է պատճառը, որ ընդհանուր մտածողությունից «շեղվողները» քննադատության են արժանանում, նրանց պիտակներ են կպցնում։
-Ասում են՝ արևմտյան արժեքներ և մերժում են։ Բայց հիմա, կարծես թե, մի քանի կուսակցություն կա, ինչպես, օրինակ, «Մենք»-ը, որ չի վախենում, նրանցից շատերը, լինելով Երկրապահ կամավորական, հայտարարում են, որ իրենք եվրոպական արժեքների կողմնակից են։ Այո, նրանք իսկապես այլընտրանք են բերում, որովհետև շատ դժվար էր հասկանալ, որ հայը կարող է լինել քաղաքացի։ Մինչև հիմա էլ դա դժվար է։ Օրինակ՝ ՀՀԿ-ն ընդհանրապես պատկերացում չունի դրա մասին։ Դա նաև կոմունիստներից ժառանգված մի բան է։
-ՀՀԿ-ն հիմա էլ իր կարգախոսներում շեշտում է հայկական, ավանդական արժեքները։
-Իրենք ուզում են ասել, որ Հայաստանում, իրականում, չեն կարող լինել քաղաքացի ու քաղաքացիական արժեքներ, մարդու իրավունքներ և այլն, որովհետև իրենք ընդհանրապես չեն պատկերացնում, որ հայը մարդ է։
-Շատերը կարևորում են մշակութային հեղափոխությունը։ Հիմա մշակութային հեղափոխությո՞ւն է պետք, թե՞ հեղափոխական մշակույթ։ Մեր օրերում այս երկու կատեգորիաներից ո՞րն է ավելի կիրառական։
-Երկուսն էլ կարևոր են. մեկը շեշտում է, որ արվեստը պետք է լինի հեղափոխություն անող, մյուսը ենթադրում է, որ արվեստը ձևավորում է հեղափոխությունը։ Երկուսն էլ նորմալ է։ Շատ հետ չգնանք, թե ինչպես են այդ երկուսը առանձնացել իրարից, բայց նոր մշակույթը ենթադրում է նաև նոր մարդկային հարաբերություններ։ Նորը միշտ բախվում է պահպանողական պատկերացումներին, անցյալի վախերին, հետադեմ հարևաններից չտարբերվելու նրանց նմանվելու ձգտմանը և այլն:
-Ընդհանրապես ի՞նչ սիմվոլիկա ունի մեր հեղափոխությունը։ Տարբեր բնորոշումներ տրվեցին՝ խաղաղ, թավշյա, սիրո և հանդուրժողականության և այլն։
-Մերը կոչվում է դուխով, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն։
-Բայց ի՞նչ կապ ունի հեղափոխությունը սիրո հետ։ Այսօրվա կարգախոսները, կարծեք թե, հեռացնում են մեզ սիրուց։
-Բայց ձեզ թվում է, թե մենք հասկանո՞ւմ ենք, թե սերն ինչ է։ Ինձ թվում է՝ մենք նոր ենք դա ձեռք բերում։ Ինչ վերաբերում է հեղափոխության սիմվոլիկային, դուխով բառն իր մեջ ունի այն ոգեղենությունը, քաջությունը, նաև փորձ է արվում այնպես անել, որ մարդիկ չվախենան։ Իհարկե, դժվար բան է սիրելը, դժվար բան է հանդուրժելը, դրա համար պետք է դուխ ունենալ։ Միշտ չէ, որ մարդիկ դուխ ունեն։ Թեմաներ կան, որոնց մասին չեն կարողանում խոսել, տաբու թեմաներ կան, որոնց մասին մարդիկ խուսափում են խոսել։ Սեքսուալությունը, կրոնական թեմաները դրանցից են։ Խոսում են աղանդավորությունից, բայց թե ինչ են հասկանում աղանդավոր ասելով, իրենք էլ չեն հասկանում։ Վախենում են իսլամից խոսել, վայ, չխոսեք, կարծես թե, եթե խոսեն, հեսա կգան ահաբեկչություն կանեն։ Այսինքն՝ դեռ հայերի դուխը թույլ է։ Մենք դեռ դուխ չունենք ասելու, որ մենք Արևելքի ազատագրողն ենք, որովհետև արևելյան բոլոր դիկտատորական, մարդու իրավունքները չհարգող երկրները պետք է տեսնեն, թե ինչպես դա հայերին հաջողվեց առանց արյան, բաց ձեռքերով պահանջեցին հարգել իրենց իրավունքները և դա մեզ մոտ ստացվեց։ Ամոթ ուզբեկներին, ամոթ պարսիկներին, ամոթ ադրբեջանցիներին, որ չեն կարողանում իրենց երկրներում անել իշխանափոխություն։ Նրանք պետք է բարի նախանձով նայեն մեզ և օրինակ վերցնեն։ Մենք նորից չեմպիոն ենք։ Հայ ժողովուրդը վերջապես նորից դարձավ չեմպիոն։ Այդ զգացողությունն ունեցել ենք 1988-ին, հիմա էլ ունենք։
-Ըստ էության, Հայաստանում արժեքային հեղափոխություն տեղի չի՞ ունեցել։
-Ի՞նչ արժեքային հեղափոխություն, մենք նոր արժեքներ չենք կարողանում ստեղծել։ Նոր արժեքներ ստեղծել է եվրոպական կամ արևմտյան աշխարհը, իսկ մենք ընդամենը դիմադրել ենք դրան։ Արևելյան հետամնաց ազգերը, այդ թվում՝ ռուսները, և նրանց ազդեցության տակ գտնվող ազգերը, ընդամենը իրենց իմպերիայի կորստի պատճառով դիմադրել են, մտածել են, որ մոդեռն աշխարհը կործանում է իրենց հետամնաց բարքերը։ Ընտանեկան արժեքներ ասվածը հենց այդ հետամնաց բարքերն են։ Մոտ 100 տարի նրանք դիմադրել են, բայց այլևս չեն կարողանում դիմադրել, և սկզբում Վրաստանում եղավ հեղափոխություն, հետո մեզ մոտ, մինչ այդ արաբական երկրներում փորձ եղավ։ Սովորաբար դա մեծ դժվարություններով է լինում։ Տեսեք, արաբական գարունն ավարտվեց Սիրիայի ճգնաժամով, և դիկտատորները ուրախացել էին, որ ինչ լավ է, հիմա բոլորը կտեսնեն, որ դա արյունահեղություն է և չեն անի հեղափոխություն։ Բայց հայերը հանկարծ ասացին՝ չէ, կարելի է անել։ Ու նորից արևելյան հետամնաց ժողովուրդների մոտ հույս արթնացավ, որ իրենք կարող են դա անել։ Դրա համար պետք չի չեխ կամ նորվեգացի լինել։ Դու էլ կարող ես լինել սովորական բարձր մարդ, քաղաքակիրթ, ազատ ու հավասար մարդ։ Հետո ինչ, որ այսքան ժամանակ քեզ բացատրել են, որ դու ցածր ես։ Ու այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը մորուքով է, պարսիկի է հիշեցնում, որովհետև ինքը այդ աշխարհը ազատագրող մարդն է։ Նիկոլը հո չի՞ գնալու Եվրոպան ազատագրի։ Որպես խորհրդանիշ, նա ազատագրողն է ՀԱՊԿ և ԵՏՄ կոչված հետամնաց ազգերի համար։ Պատահական չէր, որ ռուսները հայտարարում էին՝ «Хотим как в Армении»։






































