Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սահմանափակվել է օտարերկրացիների, առաջին հերթին՝ ՌԴ 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը երկիր»,- ասել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալինը:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ Կիևը մտադիր է միակողմանի կարգով խզել ավելի վաղ Մոսկվայի հետ կնքած շուրջ 40 պայմանագիր: Նախարարը հավելել է, որ Ուկրաինան արդեն հասցրել է խզել ՌԴ-ի հետ ունեցած 48 երկկողմանի համաձայնագիր: «Սակայն, այդ «խզումը» պետք է շատ զգույշ արվի, որպեսզի չոտնահարվի մեր քաղաքացիների շահերը»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը նոյեմբերի 25-ի առավոտյան հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվել է, որ երեք ուկրաինական նավերը դեպի Կերչի նեղուց են շարժվել՝ նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, իսկ Կերչի նեղուցի տարածքը վերահսկվում է ռուսական Սու-25 օդանավերի կողմից:











































