Արևմուտքի աջակցությունը Մայդանին համարժեք չէ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ուկրաինացի հրապարակախոս, վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը:
Վերջինս նշեց, որ Արևմուտքի աջակցությունն ուկրաինական ընդդիմությանն ու Մայդանին բավարար չէ: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Արևմուտքի չափազանց կոշտ արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին:
«Անհրաժեշտ են հասցեագրված պատժամիջոցներ, անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի ուկրաինական իշխանությունները հասկանան, որ իրավիճակից ոչ մի հստակ ելք չկա, եթե շարունակեն մնալ իշխանության»,- նշեց նա:
Վիտալի Պորտնիկովի խոսքով՝ շատ բարդ է ասել, թե ինչու Արևմուտքը չի գնում առճակատման ճանապարհով: Վերլուծաբանը կցանկանար մտածել, թե Արևմուտքը հույսը կապում է իրավիճակի քաղաքական կարգավորման հետ, որի պատճառով միգուցե չի գնում կտրուկ միջոցների:
Հարցին՝ ո՞ւր են տանում Կիևում տեղի ունեցող գործընթացները՝ բանակցությունները և իրադարձությունները Մայդանում, նա պատասխանեց. «Ուկրաինայում քաղաքական և ուժային լուծման շուրջ տարաձայնություններ կան»:









































