Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դելֆինների որսն անվանել է ազգային մշակույթի մաս ու հույս հայտնել, որ միջազգային հանրությունը կկարողանա դրան ըմբռնումով վերաբերվել: Այս մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Դելֆինների որսը, որն իրականացվում է Տայձի քաղաքում, ազգային ձկնորսության հնագույն առանձնահատկությունն է, որը արմատներով մեր մշակույթի մաս է: Ու մենք հուսով ենք՝ դուք կկարողանաք այդ հարցում մեզ հասկանալ»,- ընդգծել է Աբեն:
Ճապոնիայի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ «ամեն երկրի ամեն շրջանում կան հատուկ յուրահատկություններ կենսակերպում, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ»: «Ես կարծում եմ, որ այդ յուրահատկությունները հարկավոր է հարգել»,- հավելել է նա:
Սինձո Աբեն նշել է, որ տեղյակ է կոշտ քննադատություններին, որին ենթարկվում է համաշխարհային հանրության կողմից դելֆինների որսի համար, ու ընդգծել է, որ «որսն ու դրա մեթոդները խստորեն կարգավորվում են»:









































