Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն խոստացել է, որ ներքին գործերի մարմինների աշխատակիցները չեն ձեռնարկի Կիևի Անկախության հրապարակից ցուցարարներին ցրելու փորձեր:
«Երաշխավորում եմ, որ միլիցիան չի կիրառի ուժային գործողություններ՝ ուղղված Անկախության հրապարակի ազատմանը»,- ասվում է նախարարության կայքում հայտնված Զախարչենկոյի հայտարարության մեջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Նախարարը հիշեցրել է, որ քաղաքացիներին է դիմել Ուկրաինայի գլխավոր դատախազությունը: «Եթե Գրուշևսկի փողոցում ներկա գտնվողները ընդունեն այս առաջարկն ու լքեն վտանգավոր տարածքը, ներքին գործերի մարմինները որևէ միջոցառում չեն իրականացնի այդ մարդկանց հետապնդման ուղղությամբ»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
Ներքին գործերի նախարարը անձնակազմին կոչ է արել լինել զուսպ և չարձագանքել փոքր սադրանքներին:









































