Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան, այսպես ասած, բանավեճի վերաբերյալ արտահայտվել է Սերժ Սարգսյանը, իհարկե` կրկին ոչ ուղղակիորեն անձամբ, բայց արդեն ոչ թե ինչ-որ երիտհանրապետականի կամ կառավարության անդամի, այլ իր մամուլի խոսնակի միջոցով: Խոսնակը պատասխանել է «Առավոտի» հարցին, թե ինչպես է Սերժ Սարգսյանի վերաբերմունքը բանավեճի վերաբերյալ:
Խոսնակի միջոցով Սերժ Սարգսյանի պատասխանը ուշագրավ է դիտարկումների համար: Նախ ակնհայտ է մի բան՝ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս, այսպես ասած, դատավորի կամ արբիտրի դերում և փորձում է ընդգծել Քոչարյանից ու Տիգրան Սարգսյանից վեր կանգնած իր կարգավիճակը: Արբիտրի այս հանգամանքի ցուցադրումը հուշում է, որ Քոչարյան-վարչապետ բանավեճի կամ վիճաբանության առաջին ռաունդն ավարտված է, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը որոշում է իր վերաբերմունքն արտահայտել, այսինքն` գնահատել «մրցամարտը»:
Գնահատականներից հատկանշական կարելի է համարել այն, որ Սարգսյանը տեղի ունեցածը ոչ թե բանավեճ, այլ մտքերի փոխանակություն է համարում, այսինքն` է՛լ ավելի նվազեցնում կատարվածի նշանակությունն ու մասնակից սուբյեկտների մակարդակը:
Ամենաակնառուն, իհարկե, «անցյալից կառչած» լինելու գնահատականն է, որով Սերժ Սարգսյանը միգուցե փորձում է ակնարկել Քոչարյանին, որ ապագայի հետ կապված քաղաքական պլանները անհեռանկար են: Իհարկե, այս առումով հարկ է արձանագրել, որ որոշիչ հանգամանքները շատ են լինելու, այդ թվում` Հայաստանից դուրս, և այստեղ Սերժ Սարգսյանն ընդամենը այդ հանգամանքներից մեկն է:
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին կառավարության անդամների տված պատասխաններն ու արձագանքները համարում է պատշաճ և հավասարակշռված, ու հարգանքով: Սա երևի նշանակում է, որ Սարգսյանը գոհ է Ռոբերտ Քոչարյանին նրանց պատասխաններից: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանն ասում է, որ մշտապես հորդորել է կառավարության անդամներին լինել բաց և պարզաբանումներ տալ հասարակությանը հուզող հարցերի շուրջ: Այսինքն` Սերժ Սարգսյանն, ըստ էության, ակնարկում է, որ կառավարության անդամները Ռոբերտ Քոչարյանին պատասխանել են իր անմիջական հորդորով, այսինքն` ինքն է եղել այդ ամենի հրամանատարը, կառավարիչը, և որ գործընթացն իր համար եղել է վերահսկելի:
Այստեղ նաև որոշակի մեսիջ կա իշխանական համակարգին` իրավիճակի վերահսկելիություն ցույց տալու համար: Սա նշանակում է, որ համակարգում առնվազն եղել են կասկածներ, որոնք առաջացրել են մտահոգություններ Սերժ Սարգսյանի մոտ: «…Հարկ եղած դեպքում նույն խնդրի վերաբերյալ արտահայտվել նորից ու նորից, դիտարկել այն մեկ այլ տեսանկյունից, եթե մեկ անգամ մեկնաբանելուց հետո էլի կրկնվում են հարցերը: Կառավարությունը վերջին ժամանակներում իսկապես շատ ավելի բաց ու ակտիվ է դարձել այս հարցում, և վստահություն կա, որ այդպես էլ կշարունակի, քանի որ դա է ճիշտ ճանապարհը», Սերժ Սարգսյանի մոտեցումն է փոխանցում նրա խոսնակը: Սա էլ ինքնին կարծեք թե պարունակում է հետաքրքիր մեսիջ ուղղված Ռոբերտ Քոչարյանին:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի արձագանքում առկա են ակնհայտորեն սադրիչ գնահատականներ, որոնք Ռոբերտ Քոչարյանին կարող են ստիպել անդրադառնալ այս անգամ արդեն Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Միաժամանակ, Սարգսյանն ակնարկում է, որ այդ անդրադարձի դեպքում Քոչարյանին կրկին հակադարձելու են նախարարներն ու երիտհանրապետականները, նրան կրկին ներքաշելով ցածր մակարդակի փոխհրաձգության: «Հարկ եղած դեպքում նորից ու նորից» արտահայտվելու մասին հիշատակումը ակնհայտորեն վկայում է հենց նման տարբերակի մասին: Այսինքն` Սերժ Սարգսյանը մի կողմից ձեռնոց է նետում Քոչարյանին «երկրորդ ռաունդի» համար, մյուս կողմից` ցույց տալիս, որ մենամարտի կրկին դուրս են գալու իր ենթակաները, ոչ թե ինքը:
Ի՞նչ կանի Ռոբերտ Քոչարյանը: Կասկած չկա, որ նա գիտակցում է նման իրավիճակի շարունակության անհեռանկարությունը և ըստ էության արժեզրկման վտանգը առաջին հերթին հենց իշխանական համակարգում, որին իր կողմը բեկելու փորձեր էր անում երկրորդ նախագահը: Մյուս կողմից` այդ իրավիճակը այնքան էր առաջ գնացել, որ հատկապես այսօր Սերժ Սարգսյանի արձագանքից և «անցյալին կառչած» լինելու մասին հայտարարությունից հետո դժվար է պատկերացնել` ինչպես է կանգ առնելու երկրորդ նախագահը:
Սրան զուգահեռ սակայն, լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը Քոչարյան-վարչապետ բանավեճը կամ մտքերի փոխանակությունը գնահատելու փոխարեն, գնահատեր իր նախագահության շրջանն ու այդ շրջանում հասարակության և պետության ծանրագույն վիճակը, մարտահրավերները և վերջապես սեպտեմբերի 3-ի խայտառակությունը: Հասարակությանը հենց այս հարցերն են հետաքրքրում, ոչ թե երեկ միմյանց հետ իշխանություն պահող, այսօր միմյանց հետ իշխանությունը կիսել չկարողացող մարդկանց հեռակա կամ մերձավոր բանավեճերը:
Մինչ նրանք իրենց առոք-փառոք դիրքերից բանավիճում են` այդպես էլ չունենալով միմյանց դեմ պարզ նստելու և ամեն ինչ բաց ու շիտակ հասարակության առաջ միմյանց ասելու համարձակություն, երկիրն է դատարկվում, Հայաստանում աղքատությունն է ավելանում, արտաքին վտանգներն են ավելանում, զինվորներ են զոհվում սահմանին և նաև զորամասերում ու հիվանդանոցներում:
Ներիշխանական վեճերի փորձագետի կամ արբիտրի կարգավիճակի փոխարեն, Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է նախագահի կարգավիճակից բխող պարտավորությունները կատարի պետության և հասարակության առաջ, կա՛մ էլ հրաժարական տա և միանա նախկին նախագահների ակումբին, և բանավիճեն ինչքան ուզում են:








































