Այսօր Երևանի Խանջյան, Տպագրիչներ փողոցների բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում «Արդշինբանկի» ու Երևանի քաղաքապետարանի մոտ։
Մոտ 10 տարի առաջ կառուցապատող Համլետ Ամիրխանյանի կողմից ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ գտնվող շենքը մինչ օրս էլ ավարտին չի հասնում, որտեղ բնակիչները պետք է բնակարաններ ստանային։ Իսկ պատճառն այն է, որ Համլետ Ամիրխանյանը 3 տարի առաջ ինքնասպանություն գործեց, իսկ նրա անվամբ գրանցված ՍՊԸ-ն սնանկ ճանաչվեց։
«Այսօրվա դրությամբ բանկը մեզ առաջարկում է աննորմալ թվերի դիմաց նոր բնակարան գնել շենքում, բայց այդ առաջարկն աբսուրդ է, քանի որ մենք պայմանագիր ունենք, որ այդ շենքերում պետք է բնակարան ստանանք մեր զիջած բնակարանների դիմաց։ Իսկ հիմա մեզ ասում են՝ եկեք ու վճարեք։ Հիմա էլ հայտարարություն է տարածել բանկը, որ եթե չվճարենք բնակարանների դիմաց, մեր բնակարանները կհանվեն աճուրդի։ Ու ստեղծված իրավիճակում պարզվում է, որ այս երկրում չկա կոմպետենտ գեթ մեկ հոգի կամ կառույց, որը կպատասխանի մեր հարցերին, կամ լուծում կտա մեր խնդրին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Բնակիչներն այսօր հանդիպում էին պահանջում «Արդշինբանկի»-ու քաղաքապետի հետ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչները լսեցին բնակիչներին, թեև քաղաքապետարանն այս հարցում կոմպետենտ չէ, քանի որ բնակիչները պայմանագիր են կնքել կառուցապատողի հետ։












































