ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 23-ին հանդիպեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայում տեղի ունենալիք հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելուն, ինչպես նաև հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետներին առնչվող հարցեր:
Գագիկ Բեգլարյանը նշել է, որ լինելով հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, վստահ է, որ բոլոր հիմքերը կան Հայաստանի և Ռումինիայի միջև ինչպես տրանսպորտի ու հեռահաղորդակցության, այնպես էլ տնտեսության այլ բնագավառներում ստեղծված կապերն ավելի ընդլայնելու համար:
Սորին Վասիլեն հավաստիացրել է, որ իր հերթին կանի առավելագույնը՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար։
Նշենք, որ հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ 4-րդ նիստը, տեղի է ունեցել 2013թ-ի հուլիսի 8-9-ը Երևանում:
Նիստի շրջանակներում քննարկվել են տրանսպորտի, արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր:










































