Այսօր Հաագայի միջազգային քրեական դատարանը տվեց Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի, նրա որդու՝ Սայֆ Ալ-Իսլամի և հետախուզության ղեկավար Աբդալլահ Ալ-Սանուսիի ձերբակալության սանկցիան՝ մարդկության դեմ հանցանք գործելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Դատավորներն ասել են, որ Քադաֆին այսուհետ գտնվում է հետախուզման մեջ սպանություններ և անօրինական ձերբակալություններ կազմակերպելու համար, որոնք իրականացվել են լիբիացիների ապստամբության առաջին 12 օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ մայիսի կեսին Միջազգային քրեական դատարանի դատախազը խնդրել էր Լիբիայի առաջնորդի և նրա որդու ձերբակալության սանկցիա: Դատախազության տեղեկություններով՝ այս երեք անձինք ամենամեծ պատասխանատվությունն են կրում երկրում այդ օրերին իրականացված հանցագործությունների համար: