ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի մի զգալի հատված նվիրել է խորհրդարանական մյուս ուժերի վարքագծի քննարկմանը։ Բաղդասարյանի մոտ «վերլուծական» հակումները պատահաբար չեն առաջացել, նա, ըստ էության, թիրախավորել է «Ելք» դաշինքի երկու կուսակցություններին՝ «Հանրապետությանն» ու «Լուսավոր Հայաստանին» ու ինքնին հասկանալի է, թե ինչու։
Այս երկու քաղաքական ուժերը ձգտում են խորհրդարանական առաջիկա ընտրություններով սոցիալիզացնել դեմոկրատական հակակշռի, այլընտրանքի իրենց կարգավիճակը՝ այդպիսով վերջնականապես փակելով հակահեղափոխության ռևանշի ճանապարհը՝ նույնիսկ խորհրդարանական փոքրամասնության տեսքով։ Այլ խոսքով՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը՝ իրենց քաղաքական ուժերով, այս պահին ՀՀԿ-ի հիմնական թիրախներն են, գուցե ավելի, քան Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը, որը, ըստ էության, դուրս է մրցակցությունից։
Այսօրվա ասուլիսում Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ իշխանափոխության օրերին մի շարք քաղաքական ուժեր Նալբանդյան, Ամիրյան և Աբովյան փողոցներում կանգնած, չէին կողմնորոշվում՝ ինչպես գործեն: «Մտքափոխ կանգնած էին փողոցի ծայրերում և ասում էին, իջնե՞լն է ճիշտ, թե՞ բարձրանալը, միանա՞նք, թե՞ չմիանանք: Հենց ակտիվանում էր իշխանությունը, զգում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվի, կամաց իջնում էին, հենց տեսնում էին նախորդ իշխանության կողմից կոշտ հայտարարություն էր լինում, հետ էին գնում, իսկ ամսի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքում լինի: Նիկոլի իշխանության ներկայացուցիչները հրում էին մի մասին` «դու մեզ պետք չես», մյուսի վզից քաշում էին՝ «արի, դու մեզ կարող ա պետք լինես»: Այդպե՞ս են իշխանություն և ընդդիմություն ձևավորվում, չեմ հասկանում, մենք նման վարվելակերպ չենք ունեցել»,- ասել է նա և նշել է, որ վտանգավոր է նման քաղաքական դաշտ ձևավորելը:
Անկասկած է, որ Վահրամ Բաղդասարյանն ակնարկում է հենց Արամ Սարգսյանին, Էդմոն Մարուքյանին ու նրանց կուսակցություններին, որովհետև նախկինում ՀՀԿ այլ գործիչներ, այդ թվում՝ խմբակցության ղեկավարը, գրեթե բաց տեքստով ակնարկել են, թե իբր Մարուքյանն ու Սարգսյանն իրենց հետ են բանակցել հեղափոխությանը միանալ-չմիանալու հարցում։ Բաղդասարյանն այսօր, ըստ էության, ասել է նույն բանը։ Բացի դրանից՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսօր ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին անդրադարձել է առանձին տողով և անվանական ու թերևս առանց անունների ակնարկը վերաբերում է հենց «Ելքի» կուսակցություններին։
Ավելորդ է ասել, որ Վահրամ Բաղդասարյանը հերթական անգամ զբաղվել է քարոզչական մանիպուլյացիայով՝ մեծամտաբար արժևորելով իրենց դերը ու կեղծելով փաստերը։ Միակ ճշմարտությունն այն է, որ «Ելք» դաշինքում մինչև հեղափոխությունը եղել են մարտավարական հակասություններ, ընդ որում՝ հրապարակային, ինչի հետևանքով «Հանրապետության» ու «Լուսավոր Հայաստանի» անդամները չեն միացել քայլերթին, սակայն նրանք մշտապես կողմ են եղել հեղափոխությանն ու իրենց գործունեությամբ նպաստել են փոփոխությունների օրակարգին ու համատեքստին։
Մեր սուբյեկտիվ կարծիքով՝ թավշյա հեղափոխության համար կուլմինացիոն է եղել ապրիլի 17-ը, երբ «Ելքի» պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը խորհրդարանի նիստում քաղաքական ու բարոյական հարթության վրա պարզապես ոչնչացրեցին վարչապետությունը ստանձնող Սերժ Սարգսյանին։ Սա թերևս աննախադեպ երևույթ էր, երբ խորհրդարանում Սերժ Սարգսյանի երեսին ասվում է այն, ինչի մասին հասարակությունը խոսում էր նրա նախագահության տասը տարիներին։
Խորհրդարանական այս նիստը մեծ ոգևորություն առաջացրեց հասարակության շրջանում ու բնավ պատահական չէ, որ հաջորդ օրվանից հանրահավաքները դարձան զանգվածային, մյուս կողմից՝ թուլացավ քրեաօլիգարխիկ կոնսենսուսը Սերժ Սարգսյանի շուրջ, որովհետև համակարգի տարբեր սեգմենտները տեսան, որ «թագավորը մերկ» է։
Սակայն վերադառնանք Վահրամ Բաղդասարյանին, որի համար պատգամավորությունն ու քաղաքականությունն ընդամենը միջոց են եղել հարստություն դիզելու, հարազատներին գործի տեղավորելու ու քրեական միջավայրում իր ազդեցությունը մեծացնելու համար։ Միայն այն հանգամանքը, որ Բաղդասարյանի «կնքահայրը» եղել է Աղվան Հովսեփյանը՝ շատ բան է բացահայտում վանաձորցի այս պատգամավորի մասին, որը 90-ականների կեսերին դոլար-ռուբլի մանիպուլյացիաների հաշվին հարստություն է դիզել, երբ իր շատ սերնդակիցներ զենքը ձեռքին կռվում էին Արցախում։
Բաղդասարյանի ընտանիքին են պատկանում Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկան, պահածոների գործարանը, կահույքի ֆաբրիկան, նախկին պիոներական ճամբարը, տարբեր շինություններ ու տարածքներ ոչ միայն Վանաձորում, այլև Սևանի ափին, Երևանում, ունի հսկայական առանձնատում Պտղնիում:
Բաղդասարյաններն իրենցով են արել նաև Վանաձորի բռնցքամարտի մարզադպրոցը, որը նախապես քննարկվում էր, որ պետք է կրեր վանաձորցի բռնցքամարտիկ, ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի անունը, սակայն Բաղդասարյանների սեփականությունը դառնալուց հետո այն անվանակոչվեց «Բաղդասարյան եղբայրներ» բռնցքամարտի մարզադպրոց: 2015-ի պետբյուջեից 4 մլն 354 հազար դրամ է հատկացվել այդ մարզադպրոցին: Բաղդասարյանն առիթը բաց չի թողել պետական փողերի հաշվին իր բիզնեսը զարգացնելու համար։
Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրված էր նաև Արդվիի ոսկու հանքավայրի շահագործմամբ, սակայն նրան, ըստ ամենայնի, խանգարեցին գյուղացիների դիմադրությունն ու հեղափոխությունը։ Ի դեպ, «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը՝ «Նեգրի» գլխավորությամբ, սպառնացել են Արդվի գյուղի բնակիչներին՝ ընդհուպ մինչև հեղափոխությունը։
Վահրամ Բաղդասարյանը եղել է նաև Վանաձորի 2016-ի ընտրությունների, այսպես կոչված, մանդատագողության ճարտարապետներից ու սկանդալային քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հովանավորներից մեկը։
Բաղդասարյանի կրտսեր եղբայրը՝ Վարդանը արդեն երկար տարիներ Լոռու գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղի տնօրենն է: Ժամանակին մամուլը գրել է, որ պատգամավորը երկար տարիներ չի վճարում իրեն պատկանող «Վերնատուն» ռեստորանի գազի վարձը: Մյուս եղբայրը՝ Ռուբեն Բաղդասարյանը, երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել ՀԷՑ Վանաձորի մասնաճյուղում: Վահրամ Բաղդասարյանի փեսան՝ Արտավազդ Սարգսյանը, մինչև վերջերս Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն էր, իսկ վերջինիս եղբայրը «յուղոտ» պաշտոններ էր զբաղեցնում հարկայինում՝ Վահրամ Բաղդասարյանի «քավորությամբ»։
Ահա՝ այսպիսի կրիմինալ տանիք ու «քաղաքական» կենսագրություն ունի Վահրամ Բաղդասարյանը ու դեռ հանդգնում է սկզբունքայնության դասեր տալ մարդկանց, որոնց բարևն անգամ մեծ պատիվ է ՀՀԿ խմբակցության ղեկավարի համար։
ՀՀԿ խմբակցության հետ իր քայլերի մասին չի կիսվել անգամ նրանց հարազատ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, էլ ուր մնաց՝ Վահրամի «էլիտային» «մարդահաշիվ» համարեին Էդմոն Մարուքյանը կամ Արամ Սարգսյանը։
Եթե նույնիսկ Վահրամ Բաղդասարյանի ականջների համար տհաճ է լսել, միևնույն է՝ ինքն ընդամենը Աղվան Հովսեփյանի «զինվորիկն» է, որն հիմա գլուխը կորցրել է՝ տառապելով պատգամավորական մանդատի մոտալուտ կորստյան հեռանկարից։ Մնում է ենթադրել՝ Բաղդասարյանը Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի հետ բանակցությունների թեման մոգոնում է սեփական վարկանիշը գոնե մի փոքր բարձրացնելու նպատակով։







































