Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կարծում է, որ Կիևի կենտրոնում երկու ցուցարարներին կարող էին կրակել սադրիչները: Այս մասին փոխանցում է BBC-ն:
«Նախաքննությունը ցույց է տվել, որ կրակոցներն արձակվել են վերևից՝ տանիքից: Այնտեղ միլիցիա չի եղել: Կարելի է ենթադրել, որ դրանք սադրիչներ են եղել՝ ինչ-որ մեկը նրանցից, ում պետք է իրավիճակը կրկին սրելու առիթ»,-պատասխանել է Ազարովը ցուցարարների սպանությանն առնչվող հարցին:
Վարչապետը նաև հստակեցրել է, որ միլիցիան չէր կարող կրակել ցուցարարներին, քանի որ նրանք հրազեն չեն ունեցել իրենց մոտ:
Ազարովը, ով չորեքշաբթի ուղևորվել է Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին, Կիևի կենտրոնում ներկա բախումները բնութագրել է որպես «ծայրահեղականների, արմատականների ելույթներ, որոնց վրա վերահսկողությունը կորցրել է ընդդիմությունը»:
Նա չի համաձայնել ռուս արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն արտահայտության հետ, թե իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս:
«Իրավիճակը Կիևում գտնվում է լիարժեք վերահսկողության տակ»,- ասել է Ազարովը ВВС-ին տված հարցազրույցում:
Կիևի անկարգությունների հետևանքով երկրորդ զոհի ինքնությունը պարզվել է. նա Բելառուսի քաղաքացի Միխայիլ Ժիզնևսկին է:






































