Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Կազանում հունիսի 24-ին կայացած անպտուղ եռակողմ բանակցություններին և պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ է հետևելու կարգավորման գործընթացին Կազանից հետո՝ նախ մեր ուշադրությունը հրավիրեց Կազանի հանդիպմանը հետևած իրադարձություններին.
«Դմիտրի Մեդվեդևը և Սերժ Սարգսյանը հետևում էին ձիարշավին, իսկ Իլհամ Ալիևը չմնաց մասնակցելու ձիարշավին, մեկնեց Բաքու և անցկացրեց զորահանդես, որը նվիրված էր իրենց անկախության օրվան և զինված ուժերի ստեղծմանը: Դա պարզապես ուժի ցուցադրում էր: Այսինքն`այն բանից հետո, երբ Կազանի հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատեցին Դովիլում համանախագահող երկրների նախագահների հայտարարության հիմնական սկզբունքը, որ բանակցող կողմերը պարտավոր են իրենց ժողովուրդներին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության, Ալիևը անմիջապես մեկնեց Բաքու և անցկացրեց առանձնահատուկ շուքով զորահանդես, որտեղ ներկայացվեցին զենքի այնպիսի տեսակներ, որոնց առկայության մասին նույնիսկ հայ մասնագետենրը տեղյակ չեն»:
Ըստ Հ.Հովհաննիսյանի՝ «Իլհամ Ալիևը շարունակում է իր ժողովրդին պատրաստել պատերազմի, ինչպես Սերժ Սարգսյանը շարունակում է իր ժողովրդին պատրաստել խաղաղության»:
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե ի՞նչ կհետևի Կազանի ձախողված հանդիպմանը՝ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, թե հավանաբար տարվա վերջին նմանատիպ մի հանդիպում կանցկացվի, գուցե՝ այլ ձևաչափով. «Հետո հետաքրքրությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նկատմամբ կկորչի, և եթե նույնիսկ այդ հանդիպումը լինի, բոլորը իրենց ներքին խնդիրներով են զբաղված լինելու: Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում սպասվում են ընտրություններ: Այպես որ, ես կարծում եմ՝ առաջիկա երկու տարիների ընթացքում որևէ տեղաշարժ չի լինի»,- նկատեց քաղաքագետը:









































