Ռուսաստանաբնակ գործարարի սպանության մեջ մեղադրվող, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ պատվիրված սպանության գործով մեղադրյալն ազատ է արձակվել` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, 2011թ. փետրվարի 9-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում սպանվել էր խոշոր գործարար Կ.Ալոյանը, ով զբաղվում էր կոշիկի արտադրությամբ, առևտրային և օֆիսային տարածքների վարձակալությամբ, դրամական միջոցներi կանխիկացմամբ, տոկոսներով դրամական միջոցների տրամադրմամբ:
Նովոսիբիրսկի մարզի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնում իրականացված նախաքննությամբ պարզվել էր, որ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին Կ.Ալոյանի և քննությամբ չպարզված անձանց միջև վեճ է ծագել` վերջիններիս կողմից 16 000 000 ռուսական ռուբլին Ալոյանին չվերադարձնելու շուրջ:
Այնուհետև քննությամբ չպարզված անձինք դիմել են ՀՀ քաղաքացի, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանին` վերջինիս առաջարկելով պատվերով, որոշակի վարձատրության դիմաց սպանել Ալոյանին:
Ռուսաստանի իրավապահների բացահայտած փաստերի համաձայն` 2011թ. փետրվարի 6-ից Մկրտիչ Սարգսյանը հետևել է գործարարին, իսկ 2011թ. փետրվարի 8-ի գիշերը դարանակալել, ապա հրազենային 2 կրակոցով սպանել է Կ.Ալոյանին վերջինիս ծանոթուհու բնակարանի մոտ:
Սակայն, մինչ այս բացահայտումը, Մ.Սարգսյանն արդեն հասցրել էր 2012թ. մարտի 20-ին մեկնել ՌԴ «Վնուկովո» օդանավակայանից:
Մանրամսները՝ «Փաստինֆո»-ն:






































