Խորհրդարանի առաջիկա արտահերթ ընտրության բովանդակության հարցը քննարկվում է արդեն տևական ժամանակ, անգամ մինչ մասնակից ուժերի ցանկի և ցուցակների հայտնի դառնալը: Ընդ որում, բավականին շատ էին դիտարկումները, թե ռեյտինգային ընտրակարգի պահպանումը խանգարելու է քաղաքական բովանդակությանը: Այժմ մենք տեսնում ենք, որ իրականում այդ վտանգները զգալիորեն չափազանցված էին, որովհետև դրանք իբրև գնահատական հիմնված էին նախորդ համակարգի իրողությունների իներցիոն ընկալումներով և կարծրատիպերով, ուշադրությունից դուրս էին թողնում քաղաքական նոր իրողությունները: Այդ մասին առիթ ունեցել ենք խոսել մեր ընթերցողների հետ:
Ընտրական պրոցեսի բովանդակության հարցը բոլորովին այլ տիրույթում է, իսկ ավելի կոնկրետ՝ քաղաքական ուժերի կրեատիվության տիրույթում: Ընդ որում, այստեղ թերևս անհրաժեշտ է հաշվի առնել կամ արձանագրել մի առանցքային հանգամանք. չափման միավորը կամ չափման կետը պետք է լինի ոչ թե դեկտեմբերի 9-ը կամ տասի առավոտյան հայտնի դարձող տոկոսները, այլ ավելի երկար ժամանակահատված: Առաջիկա արտահերթ ընտրությունն այդ իմաստով քաղաքական ուժերի համար փորձություն է, բացառությամբ իհարկե իշխող ուժի՝ «Իմ քայլը» դաշինքի:
Փորձություն այն իմաստով, թե որքանով կկարողանան այդ ուժերը իրենց մեջ գտնել ստրատեգիական հայացք և քաղաքական մտածողություն: Ինչ է դա նշանակում: Դա նշանակում է այնպիսի ռազմավարության կառուցում, որի շուրջ հանրային շերտերի հետ զրույցը չի ավարտվելու դեկտեմբերի 9-ին, ու այդ զրույցի շարունակությունն էլ կախված չի լինելու ընտրության թվաբանական արդյունքից: Այստեղ է փորձությունը գործնականում բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք մասնակցում են իշխանությունից առանձին: Իշխանությունն իր տակտիկական և ռազմավարական ուրույն խնդիրներն ունի, պայմանավորված հենց հեղափոխության արդյունքով ու իրողություններով:
Մյուս ուժերի համար խնդիրը հենց այն դաշտում է, թե նրանք ինչքանով են հենց այսօր ունակ լինելու տեսնել վաղը, այսինքն դեկտեմբերի 10-ն ու դրանից հեռուն, ինչքանով են ունակ լինելու արտահերթ ընտրության գործընթացում հասարակությանն առաջարկել հաղորդակցության այնպիսի բովանդակություն, որը լիովին շարունակելի է լինելու նաև հետագայում, չընդհատվելով խորհրդարանի որևէ արդյունքով: Ընդհանրապես, հենց այդ դիապազոնում կարող է և պետք է լինի քաղաքական բովանդակության հարցը, քանի որ միամտություն, անհաշվենկատություն է կարծել, թե հնարավոր է թավշյա հեղափոխությունից ընդամենը վեց ամիս անց՝ հեղափոխության այսպես ասած ավարտական ակտը վերածել քաղաքական բովանդակությամբ մրցակցության:
Հեղափոխության ավարտական ակտը պետք է լինի քաղաքական հետագա մրցակցությանը նախապատրաստվելու հնարավորություն, որովhետև մրցակցությունը դեռ նոր միայն պետք է սկսի՝ ամբողջական իշխանափոխությունից հետո: Ըստ այդմ, արտահերթ ընտրությունն իհարկե դեկտեմբերի 9-ի տակտիկական արդյունքի հրամայականի առկայությամբ, այդուհանդերձ պահանջում է այդ արդյունքը տեղափոխել ավելի երկար քաղաքական ռազմավարության մեջ, և ոչ թե ռազմավարությունը ենթարկեցնել կամ կախման մեջ դնել դեկտեմբերի 9-ի արդյունքից: Իսկ երբ իրավիճակը դիտարկում ենք արդեն ռազմավարական գերակայության համատեքստում, ապա այս իմաստով հանրության հետ նախընտրական հաղորդակցության բովանդակության հեռանկարներն ու այսպես ասած ներուժը, պաշարը, ստանում է բոլորովին այլ տեսք և ձեռք է բերում իսկապես քաղաքական լրջություն, և ոչ միայն ներքին ասպարեզում:









































