Ընտրությունները չեն կարող և չպետք է լինեն անցյալի մասին. ֆեյսբուքյան այսօրվա գրառման մեջ նշել է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ով նաև գլխավորում է կուսակցության համամասնական ցուցակը:
«Դրանք պետք է միտված լինեն ապագային և նախանշեն քաղաքական ուժերի ճիշտ դերաբաշխումն այդ ապագայի կերտման մեջ: Երբ «ընդդիմադիր» լինելու հայտ ներկայացնող ուժերը օրվա իշխանությունները թողած կենտրոնանում են նախորդ իշխանությունը քննադատելու վրա, մեծ վտանգ է առաջանում ապագա խորհրդարանը վերածելու յուրայինների ակումբի: Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում»,-գրել է Վիգեն Սարգսյանը:
Տեսական դատողությունների մակարդակում Վիգեն Սարգսյանին հակադրվելը դժվար է, սակայն գործ ունենք հերթական քարոզչական մանիպուլյացիայի հետ։
Եթե առաջնորդվենք «յուրայինների ակումբի» մասին դատողություններով, ապա Վիգեն Սարգսյանի ՀՀԿ-ն նույնքան յուրային է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, որքան՝ այն ուժերը, որոնց պաշտպանության նախկին նախարարը հրաժարվում է ընդդիմադիր անվանել։ Ի տարբերություն Սարգսյանի՝ մենք տեսական դատողություններով չենք առաջնորդվում ու կբերենք կոնկրետ փաստեր։
Բյուջեն այն հիմնական փաստաթուղթն է, որի նկատմամբ դիրքավորումից երևում է կուսակցության իշխանամետ կամ ընդդիմադիր լինելը։ Հենց այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում հայտարարել է, որ իրենք կողմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած բյուջեի նախագծին։ Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀԿ-ի ընդդիմադիր հռետորաբանությունը կեղծ է ու այս կուսակցությունն աջակցում է Փաշինյանի կառավարությանը։
ՀՀԿ-ի ու գործող կառավարության միջև լիակատար «համերաշխություն» է նաև արտաքին քաղաքական հարցերում։ Ստացվում է՝ ՀՀԿ-ն դասական առումով ոչ թե ընդդիմադիր կուսակցություն է, այլ՝ ռևանշիստական ուժ, որի քաղաքական դիսկոմֆորտի պատճառը ոչ թե վարվող քաղաքական սխալ կուրսն է, այլ՝ իշխանության կորուստը։
Ընտրությունները գուցե անցյալի մասին չլինեին, եթե անցած յոթ ամիսներին ՀՀԿ-ն իրապես արդիականացվեր և հասարակությանը ներկայանար նոր թիմով ու ասելիքով։ Եթե այս կուսակցության ղեկին շարունակում է մնալ վերջին երկու տասնամյակում քրեաօլիգարխիայի կոնսենսուս համարվող Սերժ Սարգսյանը, ընտրությունները չեն կարող չլինել անցյալի մասին, որովհետև հասարակությունը ենթագիտակցաբար մտածում է, որ մինչհեղափոխական անդունդը վերադառնալու ռիսկեր կան։
Մյուս կողմից՝ ընտրություններն ապագային միտված կլինեին, եթե ՀՀԿ-ն ներկայացներ այլընտրանքային ծրագիր։ Հեղափոխության նկատմամբ ժխտողականությունը հենց անցյալին վերադառնալու քողարկված կոչ է։ Եթե այս ընտրական գործընթացում կա քաղաքական ուժ, որն ամբողջովին խորհրդանշում է անցյալը ու մերժված համակարգը, դա հենց ՀՀԿ-ն է։ Եթե Վիգեն Սարգսյանն անկեղծ է ապագային միտված իր տեսլականում, ապա նպատակահարմար է կուսակցական որոշում կայացնել՝ ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին։
Եվ վերջապես՝ ՀՀԿ-ում չեն կարողանում գիտակցել, որ հետհեղափոխական Հայաստանում արմատապես փոխված է իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների տրամաբանությունը։ Եթե նախկինում քաղաքական համակարգի հիմնական սեգմենտների միջև բարիկադներ էին, ապա հեղափոխությունը միտված է դրանց վերացմանը։ Խորհրդարանական ընտրությունների իմաստը հենց այն է, որ Հայաստանում ձևավորվի քաղաքական նոր համակարգ, որտեղ ընդդիմությունը ոչ թե բարիկադի մյուս կողմում գտնվող ուժն է, այլ՝ այլընտանքային ծրագրեր ներկայացնող առանցքը։
ՀՀԿ-ի մասնակցությունն ընտրություններին խանգարում է դասական ընդդիմության ձևավորմանը, որովհետև հեղափոխության ու հակահեղափոխության, ներկայի ու մերժված անցյալի միջև բարիդկադներն անխուսափելի են։ Ըստ այդմ, հիմա ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի դեմքով, զբաղված է նոր բարիկադի կառուցմամբ։








































