Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Կիևի կենտրոնում իրադարձությունների պատասխանատվությունը նախևառաջ կրում են «ընդդիմադիր կուսակցությունների այն առաջնորդները, ովքեր վերջին ժամանակներս Մայդանում հրահրում էին իշխանությունների դեմ գործողություններ և ամեն կերպ փորձում ապակայունացնել իրավիճակը երկրում»: Այս մասին Ուկրաինայի կառավարության ղեկավարը գրել է Facebook-ի իր էջում:
Վարչապետն ընդդիմությանը կոչ է արել արտահայտել իր կարծիքը՝ արդյոք նրանք կո՞ղմ են արմատական տրամադրություններով ցուցարարներին:
«Եթե նրանք կողմ են այդ ծայրահեղականներին, սադրիչներին, ապա պետք է ասեն՝ այո, մենք միասին ենք: Եվ դրա համար պատասխանատվություն կրեն: Եթե նրանք կողմ չեն, ապա իշխանությունների հետ միասին պետք է մայրաքաղաքի փողոցներից «մաքրեն» այդ հանցագործներին և սադրիչներին»,- նշել է Ազարովը:
«Մենք կիսում ենք խաղաղ բողոքի ակցիաների, հանրահավաքների՝ մեր մարդկանց սահմանադրական իրավունքը, Սահմանադրությամբ նախատեսված խաղաղ բողոքի ակցիայի ցանկացած ձև: Սակայն, համաձայնեք, կատարվող դեպքերը դժվար է խաղաղ բողոքի ակցիա համարել, երբ իրավապահների վրա նետում են Մոլոտովի կոկտեյլներ: Կադրերը, որոնցում ոստիկանական համազգեստով մարդկանց վրա այրվող հեղուկով լի շշեր են նետվել, և նրանք ծանր այրվածքներ են ստացել, կարծում եմ՝ շատերին են ցնցել»,- գրել է Ազարովը:
Նրա կարծիքով՝ «ակցիաների «ջերմաստիճանը», նույնիսկ խաղաղ բողոքի, անհրաժեշտ է մեղմել, իսկ ագրեսիան առհասարակ պետք է բացառվի»:










































