Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։ Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ․ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Թերևս թավշյա հեղափոխության կարևոր ձեռբերումներից մեկն է, որ իշխանությունը, նրա առաջին դեմքն են առաջարկում բանավեճերի ինստիտուտի ներդրումը։ Համենայն դեպս, Երրորդ հանրապետության պատմության մեջ իշխանությունները պարբերաբար մերժել են նախընտրական բանավեճեր անցկացնելու ընդդիմության առաջարկությունները։
Նույնիսկ 1991-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով համարվում էր գործընթացի անվիճելի ֆավորիտը, հրաժարվեց մասնակցել բոլոր թեկնածուների մասնակցությամբ անցկացված բանավեճին։ 2003-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում էլ, ըստ էության, տեղի ունեցավ ոչ թե իրական հեռուստաբանավեճ, այլ՝ դրա իմիտացիա, որի նպատակը էլեկտորալ տրամադրությունների ուղղորդումն էր։ Հեռսուստաբանավեճին իշխանության կողմից մասնակցում էր ոչ թե նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, այլ՝ նրա նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանը, իսկ ընդդիմությանը ներկայացնում էր ոչ թե հիմնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանը, այլ՝ Արտաշես Գեղամյանը, որի նկատմամբ հանրային միանշանակ վերաբերմունք գոյություն չուներ։
Եվ ահա՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է առաջարկում նախընտրական հեռուտաբանավեճեր անցկացնել ու ավելին՝ դրանք օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է տեսնում։ Անշուշտ, պետք է ստեղծել նախադեպ, որպեսզի հետո հնարավոր լինի դա օրենսդրորոեն ամրագրելը։ Մյուս կողմից՝ թավշյա հեղափոխությունն իր հետ բերել է քաղաքական մշակույթի նոր դրսևորումներ, որոնք թերևս ժամանակի ընթացքում օրենսդրորեն ամրագրվելու անհարաժեշտություն ունեն։
Օրինակ՝ պոզիտիվ նորություն էր, երբ Երևանի ավագանու ընտրություններից ժամեր անց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը ժամանեց «Իմ քայլը» դաշինքի գրասենյակ ու շնորհավորեց քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանին։ ԱՄՆ-ում, մասնավորապես, նախագահական ընտրություններից հետո թեկնածուն պաշտոնապես հաղթած է ճանաչվում, երբ նրան շնորհավորում է մրցակիցը։
Ուզում ենք ասել՝ անհրաժեշտ է ստեղծել պոզիտիվ նախադեպեր, որոնք հետո օրենսդրորեն կարող են ամրապնդվել՝ հարստացնելով մեր քաղաքական մշակույթը։
Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի երեկվա առաջարկությունը կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ հատկապես խորհրդարանական կառավարման մոդելում, որովհետև հասարակությունը ոչ միայն խորհրդարան է ընտրում, այլ նաև պետք է իմանա, թե ովքեր են վարչապետի թեկնածուները։ Ի վերջո, խորհրդարանական ընտրությունները նաև վարչապետի ընտրություն են, մանավանդ՝ Հայաստանի տիպի երկրներում, որտեղ քաղաքականությունը շատ դեպքերում անձնավորված է։
Իհարկե, դժվար չէ նկատել, որ Փաշինյանի առաջարկության մեջ առկա է ընթացիկ քաղաքականության բաղադրիչ, որովհետև առաջիկա արտահերթ ընտորւթյունները «Իմ քայլը» դաշինքն օբյեկտիվորեն մտադիր է վերածել վարչապետական ընտրությունների՝ հաշվի առնելով այն օբյեկտիվ իրականությունն, որ այսօր Նիկոլ Փաշինյանը միակ գործիչն է, ով ունի հասարակության վստահությունը։
Խորհրդարանական առաջիկա ընտրություններում առաջին համարների հեռուստաբանվեճն ինչ-որ իմաստով արհեստական է լինելու, որովհետև ընտրություններից դեռ մեկ ամիս առաջ ակնհայտ է, որ կա վարչապետի ընդամենը մեկ թեկնածու, ու մյուս բոլոր քաղաքական ուժերը պայքարում են, լավագույն դեպքում, երկրորդ տեղի համար։ Սակայն սա օբյեկտիվ իրականություն է, որը բխում է հեղափոխության համատեքստից։
Մյուս կողմից՝ հաջորդ ընտրություններում պատկերը միանգամայն այլ կլինի՝ անխուսափելի դարձնելով քաղաքական թեժ մրցկացությունը։ Ու Փաշինյանի առաջարկությունն արժեքավոր է հենց այդ տեսանկյունից, մանավանդ, որ նա իր մտահաղացումն օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է տեսնում։









































