«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայ-ռուսական «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։
– Պարոն Նավոյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել, և հայկական լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանն առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Սրան կարծես դեմ է Ռուսաստանը, և ամենայն հավանականությամբ այդ քվոտան կփոխանցվի Բելառուսին։ Եթե հարցի շուրջ կոնսենսուս չլինի, դա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։
– Մենք գիտենք, որ նոյեմբերի 2-ին համաձայնեցման կարգով տեղի ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցում։ Հայկական կողմը, ինչպես Երևանում են ասում՝ հետկանչի համար դիմել էր գործընկերներին, բայց քանի որ ՀԱՊԿ ընթացակարգերում չկա հետկանչի գործընթաց, դա տեղի ունեցավ լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացակարգով։
Ճիշտ է, քվոտան Հայաստանինն է, ու հայկական կողմը կարող է թեկնածու առաջադրել, բայց դա պետք է կոնսենսուսով համաձայնեցվի բոլոր երկրների հետ։ Հիմա քանի որ տեղի ունեցավ պարոն Խաչատուրովի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցում, իսկ նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ խորհրդի նիստն է լինելու Աստանայում առաջին դեմքերի մակարդակով, այդ նիստի ընթացքում կադրային իմաստով քարտուղարի հարցը քննարկվելու է միայն մեկ տեսանկյունից՝ պահպանվելո՞ւ է Հայաստանի քվոտան, թե՞ այն անցնելու է այբբենական կարգով հաջորդ պետությանը՝ Բելառուսին։ Այստեղ կա մի շփոթ՝ հայկական կողմը որևէ թեկնածու չի առաջադրել, այս փուլում թեկնածուների առաջադրման գործընթաց չկա, նոյեմբերի 8-ին կորոշվի՝ մնում է այդ քվոտան Հայաստանի՞ն, թե՞ անցնում է Բելառուսին, միայն դրանից հետո տեղի կունենա թեկնածուի առաջադրումը։ Օրերս «Կոմերսանտ» պարբերականը փորձագիտական մակարդակով գրեց, որ քվոտան Բելառուսին անցնելու դեպքում նրանց թեկնածուն կլինի Անվտանգության խորհրդի քարտուղարը. սա շփոթ է առաջացրել՝ իբրև թե երկու երկրներից էլ կան թեկնածուներ, ու հիմա որոշվում է, թե որ երկրի թեկնածուն կընտրվի։ Իրականում գործընկեր պետությունները հարգել են Հայաստանի խնդրանքը, չնայած որ կարող էին չհաստատել, և պարոն Խաչատուրովը կարող էր շարունակել պաշտոնավարել, հիմա մեզ մնում է լուծել քվոտայի պահպանման հարցը։
Ընդհանրապես, հայաստանյան փորձագիտական շրջանակներում որոշակի առասպելաբանություն կա այն մասին, որ իբր ՀԱՊԿ-ում Հայաստանի շահերը ոտնահարվում են. օրինակ՝ իբրև թե մենք ամբողջ 2016 թվականին թեկնածու էինք առաջադրում, և ՀԱՊԿ անդամ երկրները առարկում էին։ Իրականությունն այն է, որ երբ պետք է արդեն կիրառվեր գլխավոր քարտուղարի ռոտացիոն կարգը, հաշվի առնելով մի շարք խնդիրներ Սիրիայում, Աֆղանստանում՝ Ռուսաստանը խնդրել էր երկու անգամ վեց ամսով երկարացնել օրվա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները։ Քանի որ հաջորդը Հայաստանն էր, շփոթ կա, թե իբրև Հայաստանի թեկնածուն մերժվում էր, բայց Հայաստանը թեկնածու է առաջադրել միայն Բորդյուժայի՝ լիազորությունները ավարտվելուց հետո, ինչը անմիջապես հաստատվել է։
Հասկանալի է, որ հայաստանյան ներքաղաքական գործընթացների արդյունքում է, որ Հայաստանը առաջարկեց դադարեցնել պարոն Խաչատուրովի լիազորությունները, որպեսզի նա անցնի արդարադատության որոշակի գործընթաց։ Երբեմն մենք սիրում ենք ՀԱՊԿ-ում Հայաստանին նեղվածի կարգավիճակ տալ, բայց դա այդպես չէ, մասնակից բոլոր պետությունները լիարժեք անդամներ են։
– Այս փուլում ի՞նչ կարող է անել Հայաստանը։
– Հայաստանն իր գործընկեր պետությունների հետ պետք է կարողանա արդյունավետ աշխատել, որպեսզի պահպանի քվոտան և նոր գլխավոր քարտուղարի թեկնածություն առաջարկի։ Իհարկե, գործընկեր պետությունների մոտ դրսևորվել են որոշ տրամադրություններ, որ Հայաստանի ներքաղաքական քննարկումների մեջ չխորանալու համար միգուցե քվոտան պետք է ավտոմատ անցնի Բելառուսին: Բայց Հայաստանը դիվանագիտական խողովակներով կարող է իր գործընկերներին բացատրել, որ կար ներքին խնդիր կոնկրետ անձի հետ կապված և ոչ թե ՀԱՊԿ-ում Հայաստանի ընդհանուր քաղաքականության։
Օրեր առաջ մեզ զարմացրեց մի հայտարարություն, երբ «Էխո Մոսկվի» ռադիոյին տված հարցազրույցում Մոսկվայում Հայաստանի դեսպանը ասել էր, որ Խաչատուրովի մնալ-չմնալու հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում։ Բայց ակնհայտ էր, որ նա այդ նիստին չի մասնակցելու, քանի որ լիազորությունների դադարեցումը տեղի էր ունենալու մինչ այդ: Այստեղ էթիկայի հարց էլ կար՝ պատկերացնո՞ւմ եք, գործող գլխավոր քարտուղարը գնար և լսեր, թե ինչպես է քննարկվում իր անձը արդարադատության ենթարկելու հարցը, կարծում եմ՝ դա Հայաստանի համար էլ տհաճ վիճակ կստեղծեր։ Հիմա երբ դեսպանը նման հայտարարություն է անում, ակնհայտ է, որ գոնե այդ մակարդակում պատշաճ աշխատանք չի տարվում: Եթե տարվեր, ապա պարոն դեսպանը գործընթացից և ընթացակարգերից տեղյակ կլիներ ու կիմանար, որ արդեն իսկ օրերի հարց է պարոն Խաչատուրովի լիազորությունների ժամանակից շուտ դադարեցումը` անպայման ՀԱՊԿ խորհրդի նիստից առաջ։
– Ստացվում է այնպես, որ Մարտի 1-ի գործով անցնող առանցքային մարդիկ՝ Խաչատուրովը, Վահագն Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, որպես տանիք ընտրում են Մոսկվան։ Սա պատահականությո՞ւն եք համարում։
– Նախ՝ պարոն Խաչատուրովը արդեն Մոսկվայում չէ, որքան գիտեմ՝ նոյեմբերի 3-ից մեկնել է և Մոսկվայում մնալու կամ Հայաստանի արդարադատությունից թաքնվելու խնդիր չունի։ Կարծում եմ՝ Միքայել Հարությունյանի պարագան մի փոքր այլ է, նա Ռուսաստանի քաղաքացի է, և կա մոտեցում, որ նրան չեն հանձնում Հայաստանին զուտ նրա համար, որ Ռուսաստանը իր քաղաքացուն հանձնելու ընթացակարգ չունի։ Այստեղ այլ կարևոր հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այլ երկրի քաղաքացին ժամանակին նշանակվել այդպիսի բարձր պաշտոնի, ինչպիսին պաշտպանության նախարարինն է: Իսկ Վահագն Հարությունյանը մամուլին հայտարարել է, որ զուտ անձնական պատճառներով է գտնվում Մոսկվայում, Ռուսաստանի կողմից նրան պահելու խնդիր չկա, այստեղ լինելը իր նախաձեռնությունն է: Իբրև ՀՀ քաղաքացի՝ հաշվի առնելով մեր միջպետական հարաբերությունները, եթե նա արդարադատությունից թաքնվելու միտում դրսևորի, Հայաստանը կարող է դիմել և պահանջել իր քաղաքացուն։ Համարում եմ, որ սրանք երեք տարբեր դեպքեր են։
– Կարծում եք՝ Մոսկվան թույլ կտա՞ հասնել Մարտի 1-ի գործի բացահայտմանը. մեկ անգամ չէ, որ արտգործնախարարի մակարդակով սրա հետ կապված ոչ բարեհաճ մեկնաբանություններ լսեցինք։
– Չեմ կարծում, թե Մոսկվան խոչընդոտի։ Այն արձագանքները, որ հուլիսին եղան, վերաբերում էին ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին կալանավորելուն։ Կարծում եմ՝ եթե Մոսկվան դեմ լիներ Հայաստանում այդ գործով արդարադատությանը, իր մանդատը կկիրառեր, ու Յուրի Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը ժամանակից շուտ չէր դադարեցվի։ Լավրովի հայտարարությունը վերաբերում էր ՀԱՊԿ հեղինակությունը պահելուն, որի հիմնադիր անդամ է նաև Հայաստանը։ Այս առումով դրական եմ գնահատում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ հեղինակությունը պահելու հարցում։ Պարզապես կան չհասկացված բաներ, որոնք կարելի է հարթել լրացուցիչ աշխատանքով: Իսկ փորձագիտական որոշ շրջանակներում Հայաստանին ՀԱՊԿ-ում իբր ճնշված ցույց տալը ցանկալին իրականի փոխարեն ներկայացնելու միտում է։









































