Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին մեկ օր է մնացել, սակայն, ինչպես կես տարի առաջ, չլուծված են մնում նույն հարցերը: Դրանցից գլխավորը վերաբերում է սիրիական ընդդիմության պատվիրակության կազմին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեռևս հայտնի չէ՝ ընդդիմության կազմում համաժողովին մասնակցելո՞ւ են ներքին ընդդիմության ներկայացուցիչները: Ազգային համակարգման կոմիտեի ներկայացուցիչ Մունզիր Խադամը հաստատել է, որ իրենք բոյկոտում են մասնակցությունը ֆորումին և հրաժարվում են մտնել պատվիրակության կազմ՝ Ազգային կոալիցիայի հովանու ներքո: Նրա խոսքով՝ համաժողովին մասնակցելու իրենց առաջադրված պայմանները մնում են անընդունելի ու ստորացուցիչ:
Չի բացառվում, որ սիրիական ընդդիմության պատվիրակության կազմին առնչվող խնդիրը քննարկվի այսօր Մոնտրյոյում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպման ժամանակ: Նման հանդիպում անցկացնելու ծրագրի մասին ITAR-TASS-ին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Չնայած պահպանվող տարաձայնություններին՝ ֆորումի չեղյալ հայտարարման մասին խոսք չկա: ՄԱԿ-ում և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտում, որոնք հանդես են գալիս որպես համաժողովի կազմակերպիչներ, վստահեցրել են, որ նախապատրաստություններն ընթանում են ողջ հունով:









































