«Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն մտածում է Բրազիլիայում կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության մասին: Ըստ «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրի խոսքերի` պետք չէ մտածել, որ արգենտինացիները հեշտությամբ կհաղթահարեն «Մունդիալ-2014»-ի խմբային փուլի արգելքը:
« «Բարսելոնա»-ն սովորաբար կենտրոնանում է առաջիկա նպատակների մասին: Բայց, անկեղծ ասած, մենք բոլորս արդեն մտածում ենք աշխարհի առաջնության մասին: Միևնույն ժամանակ, մինչ այդ մեր առջև դեռ շատ նպատակներ կան: Հաջող հանդես գալ Չեմպիոնների լիգայում, պահպանել Իսպանիայի չեմպիոնի կոչումը, փորձել հաղթել երկրի գավաթը: Չեմպիոնների լիգան մեծագույն մրցաշար է, բայց Աշխարհի առաջնությունն առանձնահատուկ ինչ-որ բան է:
Շատերն ասում են, որ Արգենտինայի հավաքականը հեշտությամբ դուրս կգա խմբից և կարող է հեռուն գնալ մրցաշարում, բայց ես զերծ եմ մնում կանխատեսումներից: Աշխարհի առաջնությունում թույլ մրցակիցներ չկան: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես առաջիկա կես տարում կլինեմ ֆիզիկական ու հոգեբանական գերազանց վիճակում»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:








































