Այսօր առավոտյան երկու ողբերգական լուր է ստացվել հայկական զինված ուժերից: Մեկում ասվում է ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանքով հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին, մյուսում՝ Էջմիածնի հիվանդանոցում մահացած, մեկ շաբաթ առաջ բանակ զորակոչված Էդիկ Շահնազարյանի մահվան մասին:
Մահվան մի լուրը հանրության մոտ ինչքան տխրություն, ցավ, վիշտ, միևնույն ժամանակ հպարտության ու նաև երախտագիտության զգացում է առաջացնում առ հերոս զինծառայողը, որը կյանքը չի խնայել Հայաստանի պաշտպանության համար: Երախտագիտություն՝ թե՛ նրա լուսավոր հոգու, թե՛ նրա ծնողների հանդեպ, որ լույս աշխարհ են բերել այդպիսի արի զավակի: Ի վերջո՝ բանակը ունի իր առաքելությունը, որի իրականացման ընթացքում, դժբախտաբար, վտանգի տակ է մարդու կյանքը, ու հաճախ հնարավոր չի լինում հեռացնել այդ վտանգը:
Մյուս տեղեկությունը, վշտի ու ցավի հետ միասին, առաջ է բերում ոչ թե հպարտության, այլ ցասումի, զայրույթի և վերջապես՝ խայտառակության ու ամոթի զգացում: Հայկական բանակում հերթական անգամ զոհվում է զինծառայող՝ խաղաղ պայմաններում, առանց թշնամու «օգնության», զոհվում է անհասկանալի հանգամանքներում, զոհվում է Հայաստանի կենտրոնում, մահանում է բանակ զորակոչվելուց ընդամենը մեկ շաբաթ անց: Սա հիվանդության պատճառով երկրորդ դեպքն է բանակում վերջին օրերին ու որերորդ դեպքը՝ ընդհանրապես վերջին շրջանում:
Այս երկու՝ միմյանց նման և միաժամանակ տարբեր, իրարամերժ տեղեկատվությունն ու դրան հաջորդած հասարակական արձագանքը առաջ են բերում ընդհանրապես հայաստանյան իրավիճակի ծայրահեղ բևեռացվածության պատկեր, որը նաև արտահայտվում է բանակում:
Հունվարի 20-ին մենք ականատես եղանք այդ ծայրահեղ բևեռացվածության մանրակերտի մի տարբերակի զինված ուժերի առօրյայից: Մենք պարբերաբար դրան ականատես ենք լինում տարբեր այլ ոլորտներում: Վաղը այդ բևեռացվածությունը մի այլ ողբերգության՝ սոցիալական, հոգեբանական ողբերգության մենք կարող ենք ականատես լինել այլ ոլորտում: Եվ այս իրավիճակում ուղղակի բառերը դառնում են ավելորդ:
Մենք գործ ունենք անձնազոհության մի օրինակի, սխրանքի հետ, միևնույն ժամանակ գործ ունենք ստորության, անպատասխանատվության, կոռումպացվածության մեկ այլ օրինակի հետ: Ո՞րն է Հայաստանը, սրանցից ո՞րն ենք մենք:
Երբ մենք լսում ենք մեր հերոս սահմանապահ-զինվորների մասին, որոնք հետ են շպրտում ադրբեջանցիներին, մտածում ենք, որ սրանով ենք ուժեղ և մարտունակ: Երբ մենք լսում ենք մեր բանակում խաղաղ պայմաններում հերթական զոհի մասին, որը, անկասկած, անպատասխանատվության, բարձիթողի վիճակի, կոռուպցիայի և մարդկային ստորության հետևանք է, մտածում ենք՝ մի՞թե նման իրավիճակում հնարավոր է խոսել մարտունակության մասին: Եվ մտածում ենք՝ իսկ ինչի՞ համար են իրենց կյանքը զոհում մեր զինծառայողները սահմանին, ինչի՞ համար են նրանք սահմանում իրենց կյանքը վտանգում, որ մեկ այլ զորամասում կամ հիվանդանոցում իրենց ծառայակցին սպանի արդեն ներքի՞ն թշնամին: Դրա՞ համար են մեր տղաները հերոսանում, որ սահմանից ներս իրեն լավ զգա, ապահով զգա տակա՞նքը, զգա այնքան անպատիժ՝ չնայած պատասխանատվության մասին պաշտպանության նախարարության հավերժական հավաստիացումներին, որ շարունակաբար անի իր դաժան և սև գործը:
Որտե՞ղ է այս բևեռացվածության, այս ծայրահեղությունների սահմանը, որտե՞ղ է այս ամենն ընդհատվելու: Որտե՞ղ ենք այս ամենն ընդհատելու:









































